շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Կազանում քննարկվել է սպորտում դոպինգի դեմ պայքարում համագործակցության մասին հայտարարության նախագիծը

Կազանում քննարկվել է սպորտում դոպինգի դեմ պայքարում համագործակցության մասին հայտարարության նախագիծը

Կազանում ընթացող «Ռուսաստան՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի («Россия-спортивная держава») շրջանակում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը:  Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն:

Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ անցած նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և զբոսաշրջության պետական համալսարանի ներկայացուցիչները: Հայաստանը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը: 

Նիստի ընթացքում քննարկվել են սպորտում դոպինգի դեմ պայքարում համագործակցության մասին հայտարարության նախագիծը, ԱՊՀ անդամ պետություններում ուսանողական սպորտի զարգացման հեռանկարները և բուհերի միջև համագործակցության հնարավորությունները, 2023 թվականին նախատեսվող ԱՊՀ երկրների երկրորդ խաղերի կազմակերպմանն առնչվող հարցեր: Քննարկումների առանցքում է եղել նաև ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության իրականացման միջոցառումների ծրագիրը: Բացի վերոնշյալից՝ հաստատվել են «Համագործակցության մարզական մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի նախագիծը և առողջապահական մարաթոնի կանոնակարգը: Նախատեսվում է 2022 թվականից հոկտեմբերի առաջին կիրակի օրն ԱՊՀ անդամ պետությունների մայրաքաղաքներում անցկացնել ամենամյա մարաթոն, որը կներառի թեթև աթլետիկայի զանգվածային սպորտային միջոցառումներ: 

Հայաստանի ներկայացուցիչը՝ Արթուր Սեդրակյանը, ողջունելով նիստի մասնակիցներին, ընդգծել է ԱՊՀ երկրների առաջին խաղերի կազմակերպվածության բարձր մակարդակը, ներկայացրել է  մեր երկրում ոլորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և տեղեկացրել, որ Հայաստանը պատրաստ է իրականացնել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության զարգացման ռազմավարության միջոցառումները: 

Հավելենք, որ 2022 թվականին ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նախագահությունը փոխանցվելու է Տաջիկստանին, իսկ Ուզբեկստանը խորհրդի հաջորդ նիստը հյուրընկալելու մտադրություն է հայտնել:

  • Կիսվել: