ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարերում

Կարեն Գրիգորյանը շարունակում է հաջող ելույթները Իսպանիայում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարերում

Իսպանական Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում ընթացող շախմատային փառատոնում կայացավ կայծակնային շախմատի 4-րդ մրցաշարը:

Նախորդ երկու մրցաշարերի հաղթող Կարեն Գրիգորյանն այս անգամ 9 հնարավորից վաստակած 7 միավորով զբաղեցրեց 3-րդ տեղը: Հայ գրոսմայստերն ընդամենը կես միավոր զիջեց մրցաշարի հաղթող, Նիդերլանդների ներկայացուցիչ Ջորդեն վան Ֆորեստին, որի հետ 8-րդ տուրում ոչ-ոքի էր խաղացել:

Գրիգորյանը տարավ 6 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 4-րդ տուրում չիլիացի Ռոդրիգո Վասկեսից, որը զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

Գաբրիել Սարգսյանը 6 միավորով 24-րդն էր: Մանուել Պետրոսյանը 5,5 միավորով գրավեց 29-րդ տեղը, Դավիթ Դավթյանը 5 միավորով զբաղեցրեց 47-րդ տեղը:

Այսօր կայանալիք արագ շախմատի մրցաշարով շախմատային փառատոնը կավարտվի:

  • Կիսվել: