Կարեն Աղամալյանը՝ Փարիզից․ Դավիթ Չալոյանի տրամադրությունը նորմալ է, նրա նյարդային համակարգը լավ է աշխատում, լավ է տրամադրված
Դավիթի տրամադրությունը նորմալ է, նրա նյարդային համակարգը լավ է աշխատում, լավ է տրամադրված: Մեր առաջին մրցակիցը՝ անգլիացի Դելիշու Օրին, վատ բռնցքամարտիկ չէ: Հույսով պատրաստվում ենք պայքարի: Դավիթն ամեն ինչ էլ կարող է անել:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում օլիմպիական Փարիզից ասաց բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ժամեր անց ռինգ դուրս կգա բռնցքամարտի օլիմպիական մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, +92 կգ քաշային Դավիթ Չալոյանը:
Չալոյանը կմեկնարկի որակավորման փուլից, որտեղ մրցակիցը կլինի անգլիացի Դելիշուս Օրին:
«Դավիթի տրամադրությունը նորմալ է, նրա նյարդային համակարգը լավ է աշխատում, լավ է տրամադրված: Չալոյանի առաջին մրցակիցը՝ անգլիացի Դելիուշ Օրին, վատ բռնցքամարտիկ չի: Նրանք հանդիպել են ռինգում Լեհաստանի մրցաշարում, որտեղ Դավիթը պարտվեց, բայց հավասար մենամարտ էր տանում:
Օլիմպիական ուղեգիրը նվաճելուց հետո Հայաստանում մի քանի փուլով հավաքներ ենք անցել: Նախ՝ Ծաղկաձորում ընդհանուր ֆիզիկական նախապատրաստություն ենք անցել: Այդ պահին արեց այնքան, ինչքան պետք էր: Այս տարի բավականին շատ մենամարտեր էր ունեցել եւ մի քանի օր հանգիստ տվեցի: Մարզումային փուլը շարունակեցինք Երեւանի «Օլիմպավանում», որտեղ արդեն հղկման աշխատանքներ էինք տանում՝ տեխնիկա, արագություն: Այստեղ էլ հասցրել ենք մարզվել:
Ինձ համար շատ ցավալի է, որ Օլիմպիական խաղերին ներկայանում ենք մեկ մասնակցով: Պետք է 3-4 ներկայացուցիչ ունենայինք: Ափսոս էր Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա վարկանիշային մրցաշարում 4 մենամարտ հաղթեց, ապա պարտվեց: Մարդիկ 4 մենամարտով աշխարհի չեմպիոն են դառնում: Տարբեր պատճառներով այսօր ունենք մեկ մասնակից, ոմանք իրենց չարդարացրին, ոմանց բախտը չբերեց, ինչպես Ռաֆայել Հովհաննիսյանինը, Գուրգեն Մադոյանինը: Էլ չասեմ կուլիսներում կատարվող իրադարձությունները, մրցավարական միջամտությունները... Հույսով պատրաստվում ենք պայքարի: Առանց հույսի չի լինի:
Իմ երրորդ Օլիմպիական խաղերն են: Այստեղ ամեն ինչ տարբեր է: Օլիմպիական խաղերն այլ է, աշխարհի, Եվրոպայի առաջնություն՝ այլ: Օլիմպիական խաղերում այնպիսի սենսացիաներ են տեղի ունենում, որ պատկերացնելու չի: Ամեն դեպքում, մենք պետք է պատրաստ լինենք ամեն ինչին:
Ինչ վերաբերում է մեր հնարավորություններին, Չալոյանը բոլորից արագ է, շարժվող է, մի փոքր ֆիզիկականն այդքան բավարար չի ծանր քաշերի համար, բայց ամեն ինչ կարող է անել, Աստված առաջ: Բոլորիս տրամադրությունը բարձր է, մարտական տրամադրվածություն ունենք: Փարիզում անձրեւներն ավարտվեցին, արդեն արեւային եղանակ է, որը նույնպես լավ տրամադրություն է ստեղծում»,- ասաց Կարեն Աղամալյանը:
Դավիթ Չալոյանի մասնակցությամբ մենամարտի մեկնարկը նախատեսված է Երեւանի ժամանակով 23:36-ին: