հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

Կամո Ունանյանը հաղթանակը նվիրել է շրջափակման մեջ գտնվող արցախցիներին

Ղրղզստանի Կարա-բալտա քաղաքում հուլիսի 15-ին տեղի ունեցավ EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարը, որտեղ նախատեսված էր, որ հայ մարզիկ Կամո Ունանյանը պետք է մենամարտեր բրազիլացի անվանի մարզիկ Ռոդրիգես Ռոնդինելլիի հետ։ Մենամարտից մեկ օր առաջ բրազիլացի մարզիկը անհայտ պատճառներով հրաժարվեց մենամարտել Կամո Ունանյանի հետ։ Վերջին պահին կազմակերպիչները Ունանյանի համար գտան նոր հակառակորդ։ Հայտնում են Հայաստանի կարատեի միությունից։

Այսպիսով, EFC Global 33 MMA մարզաձևի խոշոր միջազգային մրցաշարում Կամո Ունանյանը մրցեց Ղրղզստանի MMA-ի չեմպիոն 19-ամյա Տեմիրլան Էմիրլանովի հետ։ Մենամարտը տևեց ընդամենը 40 վայրկյան, քանի որ Ունանյանը նոկաուտի ենթարկեց Էմիրլանովին:

Մենամարտից հետո՝ Կամո Ունանյանը հայտարարեց, որ այս հաղթանակը նվիրում է արդեն 200 օրից ավելի Արցախում Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող արցախցիներին։

Հիշեցնենք, որ MMA մարձաձևում սա Կամո Ունանյանի 3-րդ հաղթանակն է։ Նա MMA մարզաձևով սկսել է զբաղվել 2023 թվականից և արդեն գրանցել է 3 հաղթանակ ու ոչ մի պարտություն։

  • Կիսվել: