Իսկապես շատ ուրախ եմ, որ կարողանում եմ դեռևս օրինակ լինել թե՛ ավագ, թե՛ կրտսեր սերնդի համար․ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է կրտսեր սերնդի համար օրինակ լինելու, սպորտային մաքսիմալիզմի և կարգապահության մասին։
Հարցին թե սպորտային մաքսիմալիզմը տարիքի հետ ավելանում է, թե՞ նվազում, Մխիթարյանը պատասխանել է, որ միշտ է մաքսիմալիստական․ «Ես միշտ էլ մաքսիմալիստ եմ եղել և շարունակում եմ այդպիսին մնալ՝ անկախ նրանից, թե որ դիրքում եմ խաղում: Այս տարի ընդամենը 2 գոլ խփեցի ու շատ եմ ցավում դրա համար, որովհետև գիտեմ՝ կարող էի ավելին, բայց չեմ դժգոհում, քանի որ մեր ընդհանուր թիմային նպատակը Սկուդետտոն հաղթելն էր, ինչն իրականացրինք: Ես էլ դարձա թիմի լավագույն ասիստենտը, բայց իմ անհատական ամբիցիաները միշտ բարձր են. գալիք մրցաշրջանի համար ցանկանում եմ ավելի շատ գոլեր ու գոլային փոխանցումներ ունենալ իմ ակտիվում»:
«Փորձում եմ պունկտուալ ու կարգապահ լինել՝ անկախ նրանից, թե ինչ եմ անում՝ մարզմա՞ն եմ գնում, երեխայի՞ն եմ մանկապարտեզ տանում կամ վերցնում այնտեղից: Այսկերպ նաև կարգապահության օրինակ ես ծառայում երեխաներիդ համար, որովհետև որքան էլ փորձես բառերով սովորեցնել, միևնույն է՝ նրանք ծնողներին նայելով են սովորում, գործողություններին են նայում: Դրա համար էլ փորձում եմ օրինակով ցույց տալ տղայիս, թե ինչպիսին է պետք լինել: Կարգապահության առումով ամեն ինչ նույնն է մնացել. ֆուտբոլն ընտանիքին չի խանգարում, ընտանիքն էլ ֆուտբոլային գործերին չի խանգարում. այսինքն՝ միշտ ժամանակին եմ գնում մարզումների… առայժմ, տանն էլ փորձում եմ ամեն ինչով օգնել՝ այդկերպ ևս օրինակ լինելով տղայիս համար»,- նկատել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2023/24 մրցաշրջանում «Ինտերի» կազմում մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ, գրում է armsport.am-ը: