երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի

Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի

Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, արծաթե և կրկնակի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ նաև մրցավարական գործունեություն կծավալի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Խուրշուդյանը: 

«Մրցավար աշխատելու գաղափարը վաղուց ունեի, դեռևս այն ժամանակ, երբ գործող մարզիկ էի: Հայաստանի առաջնությունում, երբ ընթանում էր պատանիների կամ երիտասարդների մրցաշարը, ինքս էի ուզում մրցավար լինել: Եվ հիմա էլ այսպես է ստացվում` սպորտից հետո էլ մնում եմ սպորտում»,-ասաց Խուրշուդյանը:

 

Վերջինիս խոսքով` այժմ պաշտոնապես ստացել է «Ազգային մրցավար»-ի կոչում և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հայտ է ներկայացրել միջազգային կառույցին` միջազգային կարգի մրցավարի կոչման համար:

«Հայաստանում չունենք կին մրցավար և ես շատ ուրախ եմ, որ կրկին առաջինն եմ լինելու: Միջազգային կարգի մրցավարի կոչման համար միջազգային ֆեդերացիայի կողմից «քննական» մրցաշարում կլինեմ որպես մրցավար, որից հետո արդեն ըստ տարիքային խմբերի պետք է սկսվի գործունեությունս: 25 տարի լինելով ծանրամարտում`գիտեմ նաև, թե ինչպես է լինում այս ամբողջ գործընթացը»,-առանձնացրեց նա:

Հռիփսիմե Խուրշուդյանը պրոֆեսիոնալ կարիերան ավարտեց 2024 թվականին: Նախորդ տարվա սկզբին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայացած Եվրոպայի առաջնությունում Խուրշուդյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:

  • Կիսվել: