ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող բռնցքամարտիկը ԿԳՄՍՆ-ից ստացել է 4,6 մլն դրամ, Օլիմպիական կոմիտեից՝ 1200 ԱՄՆ դոլար և 1,2 մլն դրամ․ «Գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»

ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող բռնցքամարտիկը ԿԳՄՍՆ-ից ստացել է 4,6 մլն դրամ, Օլիմպիական կոմիտեից՝ 1200 ԱՄՆ դոլար և 1,2 մլն դրամ․ «Գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների չեմպիոն Էրիկ Իսրայելյանը, ով այսօր հայտնել էր ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու մասին, քանզի, իր խոսքերով, պետությունը նրան չի աջակցում, ստացել է օրենքով վերապահված իրեն հասանելիք բոլոր արտոնությունները։

Այսպես, 2022 թվականին որպես աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող ստացել է տարեվերջյան միանվագ պարգևատրություն՝ 1 մլն 500 հազար դրամի չափով, և 800 հազար դրամ էլ՝ որպես Եվրոպայի երիտասարդների առաջնության հաղթող։ 2022 թվականին ստացել է նաև սպորտային նպաստ՝ 6 ամիս 150-հազարական դրամի չափով։ Դեկտեմբերին էլ սպորտային նպաստ է ստացել՝ արդեն որպես աշխարհի երիտասարդների հաղթող՝ 200 հազար դրամ։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացրին նաև, որ Էրիկ Իսրայելյանը մեծահասակների որևէ առաջնության չի մասնակցել և չեմպիոն չի դարձել, նվաճումները ձեռք է բերել երիտասարդական մրցաշարերում։ Բռնցքամարտիկը ստացել է նաև անվանական թոշակ՝ 12 ամիս, ամսական 120 հազար դրամ։ ԿԳՄՍՆ-ից ստացած ամբողջ գումարը կազմել է 4 միլիոն 600 հազար դրամ։

«Նախարարությունում գործող որևէ կարգ չկա, որից ինքը օգտված չլինի»,- ասացին ԿԳՄՍՆ-ից։

Նշենք, որ այսօր Իսրայելյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես ասվում էր․

«Իմ սիրելի հայ ազգ, ուզում եմ ձեզ կրկին տեղեկացնել, որ ես 2022թ. դարձել եմ Եվրոպայի և Աշխարհի չեմպիոն։ Հայաստանի Հանրապետությունում 13 տարի բռնցքամարտում Աշխարհի չեմպիոն չենք ունեցել, իսկ ես 13 տարի դադարից հետո դարձել եմ աշխարհի չեմպիոն։ Մեկ տարվա ընթացքում դարձել եմ նաև Եվրոպայի չեմպիոն։ Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար, միշտ ուզեցել եմ երկրի դրոշը բարձր պահել, հնչեցնել օրհներգը։ Ես հրաժարվում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից, և մեկնում եմ այլ երկիր, այնտեղից մենամարտեմ։ Հիշեք Էրիկ Իսրայելյան անունը և ազգանունը»:

  • Կիսվել: