ՀՖՖ նախագահի ընտրություններում «Ուրարտուն» կոչ է անում բացառել անցյալի վերադարձը
Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ արտահերթ ընդհանուր ժողովից առաջ հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ:
«Հարգելի ֆուտբոլասերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ս․թ-ի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ նախագահական ընտրություններում «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը սատարելու է իր իսկ առաջադրած թեկնածու Արմեն Մելիքբեկյանին։
Հաշվի առնելով վերջին շրջանում առկա ակտիվությունները Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահի ընտրության շուրջ, «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը կոչ է անում քվեարկությանը մասնակից բոլոր անդամներին՝ որոշումներ կայացնելիս առաջնորդվել բացառապես ֆուտբոլային նկատառումներով և ընտրություն կատարելիս մտածել հայկական ֆուտբոլի ապագայի մասին, բացառելով անցյալի վերադարձը, որը իրատեսական է թվում Թովմաս Գրիգորյանի՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում ընտրվելու պարագայում։
Մենք լիահույս ենք, որ այս ընտրությունը կանցնի առանց ինտրիգների ու միտված կլինի հայկական ֆուտբոլի առաջընթացին»,- ասված է «Ուրարտուի» մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ: