շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հենրիխ Մխիթարյանը 801-րդը կլինի Միլանում

Հենրիխ Մխիթարյանը 801-րդը կլինի Միլանում

«Իտալիայում ապրում և աշխատում են մոտ 5000 հայեր, որոնցից 800-ը աշխատում են Միլանում: Երեկ այդ թիվը հասավ 801-ի: Ավելի ճիշտ գալիք շաբաթվա կեսերին դա իրականություն կդառնա, երբ Հենրիխ Մխիթարյանը կժամանի Միլան և բուժզննում կանցնի տեղի «Ինտեր» ֆուտբոլային ակումբում», - այսպես է սկսում La Gazzetta dello Sport թերթի այսօրվա համարի 2-3-րդ էջերում տպագրված հոդվածը, որը նվիրված է մեր ֆուտբոլիստին:

Ըստ հոդվածագիր Դավիդե Ստոպինիի Հայաստանի հավաքականի նախկին ավագն արդեն կողմնորոշվել է իր տրանսֆերի հարցում և նախընտրել է կարիերան շարունակել միլանյան թիմում, որը Արթուրո Վիդալի և Ալեքս Սանչեսի հեռանալուց հետո փորձառու կիսապաշտպանի կարիք ունի:

Հենրիխ Մխիթարյանի ներկայիս ակումբը` Հռոմի «Ռոման», որի հետ պայմանագիրն ավարտվում է հունիսի 30-ին, նոր պայմանագիր էր առաջարկել մեր ֆուտբոլիստին, ըստ որի նա տարեկան կստանար 3,6 մլն եվրո աշխատավարձ, գումարած 200 հազար եվրո հավելավճար յուրաքանչյուր 15 խաղ անցկացնելու համար: Սակայն, հռոմեական ակումբն առաջարկել է մեկ տարվա պայմանագիր: Իսկ ահա Միլանի «Ինտերը» հայ ֆուտբոլիստին խոստացել է կնքել երկու տարվա պայմանագիր` 3,3 մլն եվրո մշտական աշխատավարձով:

Իտալիայում արդեն հակված են այն մտքի հետ, որ Հենրիխ Մխիթարյանն անվճար կտեղափոխվի «Ինտեր», որը նպատակ է դրել եկող տարի նվաճել Իտալիայի չեմպիոնի կոչումը: Դրա համար միլանյան ակումբը մտադիր է ուժեղացնել կազմը` ձեռք բերելով ևս մի քանի փորձառու ֆուտբոլիստների: Մասնավորապես` ակումբն այժմ բանակցում է արգենտինացի և բելգիացի հարձակվողներ Պաոլո Դիբալայի ու Ռոմելո Լուկակուի հետ:

Հավելենք, որ Հենրիխ Մխիթարյանն անցած մրցաշարջանում «Ռոմայի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:

  • Կիսվել: