ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Հենց սպորտը կարող է լինել ազգային վերածննդի, ազգային համերաշխության նոր երաշխիքը. Հրաչյա Ռոստոմյան

Հենց սպորտը կարող է լինել ազգային վերածննդի, ազգային համերաշխության նոր երաշխիքը. Հրաչյա Ռոստոմյան

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառմամբ անդրադարձել է Եվրոպայի ծանրամարտի և բռնցքամարտի առաջնություններում հայ մարզիկների գրանցած արդյունքներին.

«Երեկ ավարտվեց հենակետային մարզաձևերից մեկի՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականը այս կարևոր ստուգատեսում պայքարն ավարտեց 7 մեդալով:Հայ ծանրորդները երկամարտում նվաճեցին 2 ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ:Ոսկե մեդալակիրներ դարձան Ռաֆայել Հարությունյանը և Դավիթ Հովհաննիսյանը, փոխչեմպիոններ՝ Արա Աղանյանը, Սամվել Գասպարյանը և Վարազդատ Լալայանը, բրոնզե մեդալակիրներ դարձան՝ Արսեն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը։

Ընդամենը օրեր առաջ Երևանում ավարտվեց մեկ այլ իսկական մարզական տոն՝ խոսքը բռնցքամարտի Եվրոպայի առաջնության մասին է, որը Հայաստանի Հանրապետությունը պատվով ընդունեց և ճանապարհեց: Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկները ևս նվաճեցին մեդալներ՝ ոսկե մեդալակիր Հովհաննես Բաչկով, արծաթե մեդալակիրներ Ռաֆայել Հովհաննիսյան և Արթուր Բազեյան, բրոնզե մեդալակիր՝ Նարեկ Մանասյան:

Այո՛, անուն առ անուն նշում եմ մեր մարզիկներին, քանզի նախ՝ նրանց այս հաղթանակների հետևում տարիների քրտնաջան և սրտացավ աշխատանք է, երկրորդ՝ մարզաշխարհը խիստ զգայուն է պետության, ժողովրդի հոգեվիճակի հանդեպ, և այս համատեքստում տղերքի հաղթանակները կրկնակի են արժևորվում: Սովորաբար, պետության համար դժվարին փուլերում մարզական մեծ հաջողություններ չեն լինում, բայց ինչպես տեսնում ենք, հայ մարզիկները կոտրեցին այս կարծրատիպը, ինչը կայուն հիմք է հանդիսանում նորանոր հաղթանակների համար:

Եվ ոչինչ չի խանգարում պնդել, որ հենց սպորտը կարող է լինել ազգային վերածննդի, ազգային համերաշխության նոր երաշխիքը:

Ապրե՛ք տղե՛րք, շնորհավորում ենք և երախտապարտ ենք»,- գրել է Հրաչյա Ռոստոմյանը:

  • Կիսվել: