Հայկական ոգին, ուժն ու հաղթանակի խորհրդանիշը՝ «Յարխուշտա»-ն, այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմն
Հայկական մշակույթի և սպորտի միավորումը ստանում է նոր, հնչեղ արտահայտություն․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ «Յարխուշտա»-ն այսուհետ կհնչի որպես Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտոնական հիմնը։ Ստեղծագործությունը ներկայացվում է անվանի երաժշտական պրոդյուսեր Սերուժ Բաղդասարյանի (C-Rouge) նորարարական մշակմամբ՝ միավորելով ազգային ավանդույթն ու ժամանակակից հնչողությունը։
«Յարխուշտա»-ն հայկական ռազմապար է, որը դարեր շարունակ մարմնավորել է ուժ, համարձակություն և միասնականություն։ Այս խորհրդանշական ստեղծագործությունը, վերածվելով սիմֆոնիկ հնչողության, ստանում է նոր շունչ՝ փոխանցելով ոչ միայն պատմական ժառանգությունը, այլև պայքարի և հաղթանակի ձգտումը։ Այն դառնում է կամուրջ՝ մշակույթի և սպորտի միջև, միավորելով տարբեր ոլորտների ուժը մեկ գաղափարի շուրջ։ Յարխուշտայի դինամիկ ռիթմերը, դրամատիկ զարգացումն ու ուժեղ էմոցիոնալ լիցքը կոչված են բարձրացնելու թե՛ խաղացողների մարտական ոգին, թե՛ մարզադաշտերում և հեռուստաէկրանների առջև գտնվող հազարավոր երկրպագուների ներշնչանքը։ Սիմֆոնիկ մշակումն առանձնանում է իր մասշտաբային հնչողությամբ՝ ընդգծելով թե՛ «Յարխուշտա»-ի ավանդական արմատները, թե՛ նրա ժամանակակից մեկնաբանությունը։
Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցության արդյունքում։ Երկու կառույցներն էլ միավորում են իրենց փորձն ու ռեսուրսները՝ ստեղծելու մի հնչյուն, որը կդառնա հաղթանակների խորհրդանիշ և կուղեկցի ազգային հավաքականին կարևորագույն խաղերում։


