կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանի ներկայացուցիչները թանկարժեք միավորներ կորցրին. շախմատի ԱԵԱ

Հայաստանի ներկայացուցիչները թանկարժեք միավորներ կորցրին. շախմատի ԱԵԱ

Ավարտին է մոտենում Մեխիկոյում ընթացող շախմատի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Անցած գիշեր կայացել են 9-րդ տուրի պարտիաները: Ավաղ, մեր պատվիրակները կորցրին հերթական միավորները և գործնականում դուրս մնացին չեմպիոնական պայքարից:

Աղջիկների մրցաշարի առաջատարներին հետապնդող Մարիամ Մկրտչյանը պարտվեց կանանց գրոսմայստեր Կանդելա Գուեկամբուրուին և այժմ 6 միավորով գտնվում է 9-րդ հորիզոնականում: Այսօր կայանալիք նախավերջին՝ 10-րդ տուրում, նա սպիտակներով կմրցի ռումինուհի Ալեսիա-Միկաելա Չիոլակուի հետ: Հաղթանակի դեպքում Մարիամ Մկրտչյանը կշարունակի պայքարել մրցանակային 2-3-րդ տեղերի համար:

Մեր մյուս շախմատիստուհին, Ասյա Եդիգարյանը, ընթացիկ տուրում ոչ-ոքի է խաղացել և վաստակած 4,5 միավորով զբաղեցնում է 35-րդ տեղը: Նրա հաջորդ մրցակիցը հոնդուրասցի Վալերիա Վիանան է:

Տղաների մրցաշարում հանդես եկող Մամիկոն Ղարիբյանը 9-րդ տուրում ոչ-ոքի է խաղացել մրցաշարում ամենաբարձր վարկանիշ ունեցող ամերիկացի գրոսմայստեր Հանս Մոկե Նիմանի հետ: Նա 6,5 միավորով բաժանում է 6-13-րդ տեղերը: 10-րդ տուրում Մամիկոն Ղարիբյանը սպիտակներով կհանդիպի ՖԻԴԵ-ի դրոշի տակ հանդես եկող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանի հետ:

  • Կիսվել: