Հայաստանի ներկայացուցիչ Ալեքսանդրա Բիբիկինան՝ ջրացատկի Եվրոպայի փոխչեմպիոն
Թուրքիայում անցկացվող ջրացատկի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Ալեքսանդրա Բիբիկինան պատմական արդյունք գրանցեց՝ նվաճելով փոխչեմպիոնի կոչումը: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է Հայաստանի ջրացատկի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Ղազարյանը, գրում է sport.news.am-ը:
Հայաստանի ներկայացուցիչը 3 մետր ոստնացատկում 322.95 միավորով դարձավ արծաթե մեդալակիր: Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց Շվեցարիան ներկայացնող Միշել Լուիզա Հեիմբերգը 335.10 միավորով:
Անկախ Հայաստանի առաջին մեդալը ջրացատկում Եվրոպայի առաջնություններում 2018 թ. նվաճել են Վլադիմիր Հարությունյանն ու Լեւ Սարգսյանը:
Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում անցկացված առաջնությունում 10 մետր սինքրոն աշտարակացատկ մրցաձեւում Վլադիմիր Հարությունյան - Լեւ Սարգսյան զույգը դարձել էր բրոնզե մեդալակիր՝ զիջելով միայն Ռուսաստանի եւ Մեծ Բրիտանիայի զույգերին։