շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա. Արմեն Բաբալարյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի կարծիքով` ավարտված Եվրոպայի առաջնությունում ոսկե և արծաթե մեդալներ նվաճած ընտրանու կազմում թույլ մարզիկներ չկան:

«Փորձը ցույց է տալիս, որ ի տարբերություն ազատ ոճի ըմբշամարտի, հունահռոմեական ոճում այն մարզիկները, որոնք Եվրոպայի առաջնությունում մրցանակային տեղեր չեն զբաղեցնում, աշխարհի առաջնությունում դառնում են մեդալակիր: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականում թույլ մարզիկ չկա: Կա միայն խնդիր՝ գոտեմարտը լավ վարելու, չվարելու, թերանալու մեջ: Եվրոպայի առաջնությունում վատ մասնակցած մարզիկները թույլ չէին»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը: 

Վերջինիս խոսքով` հավաքականի յուրաքանչյուր անդամ նույն նախապատրաստական փուլն է անցնում, գուցե ամեն ինչ կապված է մարզիկների հոգեբանական պատրաստության հետ:

«Մենք պետք է ազատվենք այն ըմբիշներից, որոնք ոչինչ չեն անում պարտվելուց հետո, պետք է սերնդափոխություն անել թիմում»,-ասաց մասնագետը: 

Անդրադառնալով Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի` բրոնզե մեդալի համար գոտեմարտին չմասնակցելուն, Բաբալարյանն ընդգծեց, որ Ալեքսանյանը Հայաստանի համար շատ մեդալներ է նվաճել և կարիք չկա խոսել նրա արժանիքների մասին: 

  • Կիսվել: