ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան վիզայի աջակցության հարցով ԿԳՄՍ նախարարություն չի դիմել. փոխնախարար

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան վիզայի աջակցության հարցով ԿԳՄՍ նախարարություն չի դիմել. փոխնախարար

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով վիզայի աջակցություն ստանալու հարցով չի դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը՝ արձագանքելով Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի տարածած հրապարակմանն առ այն, որ Հայաստանի գեղասահքի հավաքականի անդամներ Սիմոն Դանիլյանցը և Կարինա Ակոպովա/ Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը չեն մասնակցի գեղասահքի Եվրոպայի առաջնությանը, քանի որ սահմանված ժամկետում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության կողմից մուտքի արտոնագիր չեն ստացել:

Հասմիկ Ավագյանի խոսքով՝ ԿԳՄՍ նախարարությունը ֆեդերացիաներից  համապատասխան գրություն ստանալու պարագայում այն դիտարկում է և ՀՀ արտաքին գործերի նախարարության աջակցությամբ միջնորդություն է ներկայացնում Հայաստանում դիվանագիտական ներկայացուցչությանը՝  մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու նպատակով (անհրաժեշտության դեպքում կիրառելով նաև արագացված ընթացակարգ):  

Միաժամանակ, նախարարությունից նաև հայտնում են, որ նախկինում՝ 2025 թ., 2024 թ. և 2023 թ.-ին Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան նման գրություններ ներկայացրել է ԿԳՄՍ նախարարություն, որոնց տրվել է համապատասխան ընթացք:

Հիշեցնենք, որ Գեղասահքի Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Շեֆիլդում 2026 թ. հունվարի 12-18-ը:

  • Կիսվել: