երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայ շախմատիստների նվաճումները Fagernes Chess Internacional մրցաշարում

Հայ շախմատիստների նվաճումները Fagernes Chess Internacional մրցաշարում

Նորվեգիայում անցկացված շախմատի Fagernes Chess Internacional մրցաշարին հաջող է մասնակցել Սամվել Տեր-Սահակյանը՝ 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով զբաղեցնելով 3-րդ տեղը: Հայաստանի գործող չեմպիոնը պարգևատրվել է 800 եվրոյով:

Անհատական վարկանիշով (2613) մրցաշարի մասնակիցներից երկրորդ ցուցանիշն ունեցող հայ գրոսմայստերը մնացել է անպարտելի՝ տանելով 5 հաղթանակ, 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի: Նա ընդամենը կես միավոր է հետ մնացել մրցաշարի հաղթող, թուրք Վահապ Սանալից: Մրցաշարում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էմին Օհանյանը 5 միավորով 92 մասնակիցների մեջ զբաղեցրել է 24-րդ տեղը:

Մրցաշարի շրջանակներում շախմատիստները երկու անգամ իրենց հարաբերությունները պարզել են կայծակնային շախմատում: 30 շախմատիստների մասնակցությամբ անցկացված առաջին մրցաշարում Էմին Օհանյանը 7 պարտիաներում վաստակած 5 միավորով զբաղեցրել է 2-րդ տեղը: Նա մեկ միավոր զիջել է հնդիկ Մոհան Կուշագրային: Սամվել Տեր-Սահակյանը 4,5 միավորով 7-րդն էր:

Կայծակնային շախմատի երկրորդ մրցաշարում ավելի հաջող էր Սամվել Տեր-Սահակյանի խաղը: Նա 9 մրցախաղերում վաստակած 7 միավորով 44 մասնակիցների մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը: Էմին Օհանյանը այս անգամ 6,5 միավորով 4-րդն էր:

  • Կիսվել: