Հակոբ Սերոբյան․ Համլետն ու Մամիկոնը ամենաուժեղն են Եվրոպայում
Չեմ կարող ասել, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ, բոլորիս հետ, երբ հայտարարեցին Համլետ Մանուլյանին Եվրոպայի չեմպիոն: Սա մեր ապագան է: Լայպցիգի մրցահարթակում մենց ցույց տվեցինք գիմնաստիկա: Համլետն ու Մամիկոնը Եվրոպայի ամենաուժեղներն են: Արթուր Ավետիսյանի համար անչափ ուրախ եմ, ասել եմ, որ մեդալից հետո թույլ եմ տալիս ամուսնանա:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Գերմանիայից ասաց սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:
Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը մայիսի 30-ին նվաճեց ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներ: Առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճեց 17-ամյա Համլետ Մանուկյանը, որը հավասարը չունեցավ նժույգ թափեր վարժությունում (14.766 միավոր):
Նույն վարժությունում փոխչեմպիոն դարձավ Մամիկոն Խաչատրյանը (14.733 միավոր):
Օղակների վարժությունում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Ավետիսյանը (14.366 միավոր):
Արթուր Ավետիսյանը նվաճեց իր առաջին մեդալը Եվրոպայի առաջնություններում:
Պարոն Սերոբյան, շնորհավորում եմ Ձեր գլխավորած թիմի փայլուն մրցելույթների եւ ամբողջական մեդալային հավաքածու նվաճելու կապակցությամբ։
Շատ շնորհակալ եմ: Տպավորությունները, զգացողություններն այնքան բուռն են, որ հնարավոր չի բառերով նկարագրել: Ամեն ինչ շատ լավ է: Մեր հաշվարկներն ամբողջությամբ ճիշտ էին եւ արդարացված: Մենք հրաժարվեցինք թիմային պայքարից: Սա հաշվարկ էր, որոշում վերջին վայրկյանին, որը, փաստորեն, ճիշտ էր: Կարեւորն այն է, որ մենք մեզնից գոհ ենք: Երիտասարդներն ամեն ինչ արեցին մրցահարթակում, արեցին ինչ կարող էին:
Նժույգ թափերի եզրափակիչի մասին խոսքեր չունեմ: Համլետը եւ Մամիկոնը բարձր միավորներ վաստակեցին մաքրության հաշվին: Մեր վարժությունները մի փոքր ավելի թեթեւ էին, բայց իդելական կատարումներ էին, որն ապահովեց մեր միավորների մեծ տարբերությունը: Լայպցիգի մրցահարթակում մենց ցույց տվեցինք գիմնաստիկա:
Համլետ Մանուկյանից առաջին Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ սպասո՞ւմ էիք:
Անկեղծորեն սպասում էի: Ես գիտեի, որ նա կարող է: Չեմ կարող ասել, թե ինչ տեղի ունեցավ ինձ հետ, բոլորիս հետ, երբ հայտարարեցին նորընծա չեմպիոնին: Սա մեր ապագան է: Ամենաքիչը 10 տարվա մեր ապագան են այս երիտասարդները: Նրանց ուրիշ ձեւ են ընդունում եւ երկրպագում համաշխարհային մարմնամարզությունում: Այս արդյունքներն անգնահատելի են՝ աշխարհի գավաթակիր, Եվրոպայում չեմպիոն, գնահատականների ահռելի տարբերություն մրցակիցների հետ...
Համլետն ու Մամիկոնը Եվրոպայի ամենաուժեղն են: Մամիկոնը նույնպես փայլուն կատարեց իր վարժությունը: Եթե Մամիկոնն ու Համլետը հավասար միավորներ վաստակեին, հաղթողը ճանաչվելու էր Համլետը, քանի որ նրա վարժությունը մեկ տասնորդական բարդ է ու ավելի մաքուր: Մարմնամարզությունն այսպիսի դժվար մարզաձեւ է:
Արթուր Ավետիսյանը երկար պայքարից հետո իր առաջին մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնություններում: Բրոնզե մեդալը գոհացնո՞ղ է:
Իսկապես, Արթուր Ավետիսյանի համար անչափ ուրախ եմ: Նրա մոտ միշտ ինչ-որ բան պակասում էր, միշտ 4-րդ տեղով էր բավարարվում: Օղակների վարժության եզրափակիչը շատ լարված անցավ, միավորները շատ մոտ էին իրար, երկու չեմպիոն եղավ: Արթուրից նույնպես շատ գոհ եմ, ասել եմ, որ այս մեդալից հետո արդեն թույլ եմ տալիս, որ ամուսանանա: Այդպես պայմանավորվել էինք, որ մինչեւ մեդալ չնվաճի, թույլ չեմ տալու ամուսնանա (ծիծաղում է):
Ձեր խոսքում նշեցիք, որ թիմային մրցաշարից հրաժարվեցիք: Ինչո՞ւ:
Ինչպես արդեն նախապես հայտարարել էինք, այս առաջնությունում փորձելու ենք թիմով հանդես գալ: Թիմում Արթուր Դավթյանն էր, Արթուր Ավետիսյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը եւ Գագիկ Խաչիկյանը: Մեկնարկի օրը տղաները սկսեցին պայքարը թիմային մրցաշարում: Յուրաքանչյուր գործիքին պետք է մոտենային երեք մարմնամարզիկ, բայց հաշվելու էին լավագույն երկուսի արդյունքը: Հենացատկի, օղակների եւ նժույգ թափեր վարժությունից հետո վերջին պահին որոշում կայացրեցի հրաժարվել հետագա պայքարից, որպեսզի չվնասեմ տղաներին:
Մենք այստեղ առանձնապես մեծ ակնկալիքներ չունեինք, քանի որ փորձարկում էր մեզ համար: Տղաներից շատերը վնասվածքներ ունեն, Արթուր Դավթյանը ոտքի խնդիր ունի, Ավետիսյանը՝ ուսերի, նույնը երիտասարդների մոտ է: Որոշեցի, որ այս պահին ճիշտ է մեդալների գնալը եւ տղաներին չտանջել մյուս գործիքների վրա: Մենք վերջին պահին դուրս եկանք պայքարից, չունեցանք վերջնահաշվարկ: Գտնում եմ, որ սա լավագույն որոշումն էր, հատկապես այսօրվա երեք մեդալներից հետո:
Այս հաղթանակները, մեդալները թիմային աշխատանքի՞, ճիշտ մարզչությա՞ն, թե՞ մարզիկների տաղանդի ու ձգտումի արդյունքն են:
Ցանկացած ընատնիքում, եթե լինում է կարգուկանոն, միմյանց նկատմամբ հարգանք՝ մեծից փոքր, երբ ամեն մեկն իր տեղում է լինում, արդյունքը սպասել չի տալիս: Տղաները բոլորն անում են այն, ինչ մարզիչներն ասում են: Յուրաքանչյուր հարց խորհրդակցում ենք միասին, վեջնական որոշումը տալիս եմ ես: Օրինակ՝ այս առաջնությունում իմ կայացրած որոշումից գոհ եմ, որ թույլ չտվեցի շարունակեն պայքարը թիմային մրցաշարում: Հստակ որոշեցի՝ գնում ենք մեդալների: Սա ճիշտ հաշվարկ էր: Շատ ճիշտ վարժություններ դրվեց, որն ամենակարեւորն է: Այս ամենը բոլորի աշխատանքի արդյունքն է: Տաղանդավոր երեխան գրագետ մարզիչ չունենա, ոչնչի չի հասնի, գրագետ վարժություններ չլինի, դրական արդյունք չենք ունենա:
Յուրաքանչյուրի աշխատանքն իր լուման ունի այս արդյունքներում: Մեր մարզումները շատ բարդ են անցնում, բայց արդյունքը բոլորիս ուրախացնում է: Մեզ նաեւ շատ օգնեց Բեռլինում ունեցած հավաքը: Բոլորն ունեն իրենց լուման՝ անձնական մարզիչները, Հայկ Նազարյանը, տղաները, նրանց ընտանիքները: Սա թիմային աշխատանք է եւ հաղթանակները թիմինն են: