շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գևորգ Ղազարյանը հոտնկայս ծափահարությունների ներքո հրաժեշտ տվեց երկրպագուներին

Գևորգ Ղազարյանը հոտնկայս ծափահարությունների ներքո հրաժեշտ տվեց երկրպագուներին

Հայաստան-Խորվաթիա հանդիպումից առաջ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հավաքված երկրպագուները հնարավորություն ունեցան իրենց երախտիքը հայտնելու թիմի երկարամյա խաղացող Գևորգ Ղազարյանը, որն ավելի վաղ հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի կողմից Ղազարյանը նախ ստացավ 10 համարի խորհրդանշական մարզաշապիկը, ապա երկրպագուների հոտնկայս ծափահարությունների և վանկարկումների ներքո քայլեց դեպի խաղադաշտ ու շնորհակալություն հայտնեց երկրպագուներին:

Գևորգ Ղազարյանն ազգային հավաքականում նորամուտը նշել է 2007թ. օգոստոսի 22-ին «Հանրապետական» մարզադաշտում Պորտուգալիայի հավաքականի հետ կայացած Եվրոպայի առաջնության ընտրական փուլի խաղում:

Այս տարի ֆուտբոլիստը կարևոր նվաճման հասավ կարիերայում՝ հատելով 500 հանդիպումների սահմանը: Անկախ հայկական ֆուտբոլի 30-ամյա պատմության ընթացքում միայն 11 ֆուտբոլիստի է հաջողվել գրանցել այսպիսի ցուցանիշ:

Ղազարյանը Հայաստանի վեցակի չեմպիոն է, կրկնակի գավաթակիր և կրկնակի սուպերգավաթակիր: 10 տարի Գևորգ Ղազարյանը հանդես է եկել արտերկրում: Արտասահմանյան 8 ակումբների կազմում մասնակցելով 5 երկրի՝ Ուկրաինայի («Մետալուրգ» Դոնեցկ), Ղազախստանի («Շախտյոր» Կարագանդա), Հունաստանի («Օլիմպիակոս», «Կերկիրա», «Լամիա»), Պորտուգալիայի («Մարիտիմու», «Շավիշ») և Կիպրոսի (ԱԵԼ) առաջնություններին:

Ղազարյանը ֆուտբոլային կարիերայի ընթացքում պաշտոնական մրցումներում անցկացրել է 524 խաղ, խփել է 103 գոլ, որոնցից Հայաստանի ազգային հավաքականում անցկացրել է 75 խաղ՝ դառնալով 14 գոլի հեղինակ:

  • Կիսվել: