երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Գագիկ Ծառուկյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Գագիկ Ծառուկյանը ցավակցական հեռագիր է հղել Նիկիտա Սիմոնյանի մահվան կապակցությամբ

Խորագույն ցավով ու անկեղծ կսկիծով տեղեկացա ազգային և համամիութենական ֆուտբոլի իսկական լեգենդ, Օլիմպիական չեմպիոն, մոսկովյան «Սպարտակի» պատմության լավագույն ռմբարկու Նիկիտա Պավլովիչ Սիմոնյանի մահվան մասին: Այս մասին սոցցանցի իր էջում հրապարակված ցավակցական հեռագրում նշել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Նրա ներդրումն անգնահատելի է ոչ միայն հայկական, այլև ամբողջ սովետական և համաշխարհային ֆուտբոլի պատմության մեջ։ Նիկիտա Պավլովիչն իսկական հայ էր, ով համաշխարհային սպորտում նշանակալի ձեռքբերումների հասնելով ` մշտապես ամբողջ աշխարհում բարձր է պահել հայի անունն ու հայի հպարտությունը: Նրա անունը սերունդների հիշողության մեջ մնալու է որպես նվիրվածության, վարպետության և բարձր մարդկային որակների վառ խորհրդանիշ:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի և անձամբ իմ անունից խորին և անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրա ընտանիքին, հարազատներին, գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր սիրել, գնահատել ու հարգել են մեծ վաստակ ունեցող Նիկիտա Սիմոնյանին։ Թո´ղ նրա պայծառ հիշատակը հավերժ ապրի և մխիթարություն պարգևի բոլոր նրանց, ում համար նա եղել է օրինակ և ոգեշնչման աղբյուր»,-ասված է ցավակցական հեռագրում:

 

  • Կիսվել: