ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եվրոպայի առաջնությանը հաղթեցի կոտրված ձեռքով․ Հովհաննես Բաչկով

Եվրոպայի առաջնությանը հաղթեցի կոտրված ձեռքով․ Հովհաննես Բաչկով

Առաջին անգամ Հայաստանը դարձավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը հյուրընկալող երկիր, որտեղ և գերազանց հաղթանակ տոնեց գյումրեցի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը։ Եվրոպայի եռակի չեմպիոնի դիմավորումը քաղաքի մուտքի մոտ էր։

Գյումրեցի չեմպիոնը ոչ միայն ոսկե մեդալով, նաև առաջին անգամ Եվրոպայի առաջնության հաղթողներին շնորհված ոսկեզօծ գոտիով էր։ Իսկ էմոցիաներն ու տպավորությունները մեծ էին, որի համար մարզիկը շնորհակալ է դահլիճում ներկա  իր երկրպագուներից և իրեն ոգևորող հազարավոր հայրենակիցներից։

«Շատ ուրախ եմ, միայն կուզենամ բոլորիցդ շնորհակալության խոսքեր ասել․․․ առանց աջակցության, առանց ժողովրդի,մարզիչների և բոլորի աջակցության հաստատ այս արդյունքը չէր լինի, այս հաղթանակը մենակ իմը չէ, այլ ամբողջ ազգինն է»,- նշել է բռնցքամարտի Եվրոպայի  եռակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը։

Եվրոպայի առաջնության 63,5 կգ քաշային կարգի եզրափակիչում Հովհաննես Բաչկովը մրցեց Ֆրանսիան ներկայացնող բռնցքամարտիկի հետ և հաղթեց 5:0 հաշվով: Հիմա, երբ  չեմպիոնի կոչումը իրենն է, Բաչկովը պատմում է, որ Եվրոպայի այս  առաջնությանը մասնակցելու մտադրություն չի ունեցել, մեկնարկից մի քանի օր առաջ է ֆեդերացիան հայտ ներկայացրել։

Ձեռքի լուրջ վնասվածքով որոշում է կայացրել ռինգ բարձրանալ միայն առաջնության ֆավորիտ համարվող թուրք մարզիկին հաղթելու վճռականությամբ։ Բոլոր մենամարտերը բռնցքամարտիկը անցկացրել է ձեռքի կոտրվածքով։

«Վնասվածք ունեի՝ մտածում էի, որ կխանգարի ու չեմ կարողանա մասնակցել, ձեռքս կոտրված էր։ Բայց թուրք մրցակից ունեի, ով համարվում էր ֆավորիտը այս մրցաշարի, հնարավոր էր՝ ինքը հենց դառնար Եվրոպայի չեմպիոն, և  Թուրքիայի դրոշը ծածանվեր մեր երկրում, դրա համար՝ անկախ նրանից, որ վնասվածք ունեի, որոշեցի մասնակցել»,- պատմում է Բաչկովը։

  • Կիսվել: