ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Եթե պարտվել ենք 1:9 հաշվով, չպիտի պատճառաբանենք, թե կարևոր ֆուտբոլիստներ չկային. Մխիթարյան

«Եթե պարտվել ենք 1:9 հաշվով, չպիտի պատճառաբանենք, թե կարևոր ֆուտբոլիստներ չկային. Մխիթարյան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել Vnews.am-ին, որի ժամանակ անդրադարձել է Իտալիայի ընտրանուց կրած 1:9 հաշվով պարտությանը և ելք առաջարկել:

Հիշեցնենք, որ Հենրիխն այդ խաղին չի մասնակցել վնասվածքի պատճառով:

«Ֆուտբոլում չկան մանրուքներ: Եթե պարտվել ենք 1:9 հաշվով, չպետք է պատճառաբանություններ փնտրենք: Օրինակ` ասենք խաղադաշտը վատն էր, կամ կարևոր ֆուտբոլիստներ չկային… Ցանկացած մարդ պետք է պատրաստ լինի նման իրավիճակի: Եթե ես ավելի լավ մարզվեի` հնարավոր է` իմ խաղընկերն ավելի խաղար, եթե նրան ավելի շատ օգուտ կամ խորհուրդ տայի` նա կարող էր ավելի հաջող գործել: Այսինքն, բոլորս էլ մեղավոր ենք: Ցավալի է:

Պետք է ավելի շատ աշխատենք, ուղղությունը սևեռենք դեպի մանկապատանեկան ֆուտբոլը, որովհետև տունը կառուցելուց տանիքից չես սկսի. պետք է հիմքից սկսել: Եթե տանիքից կառուցես կարող է քամուն դիմանալ, բայց ուժեղ քամին ամեն ինչ քանդելու է: Նույնն այս պարագայում է: Եթե ուզում ենք ապագայում ուժեղ ֆուտբոլ ունենալ, պետք է մանկապատանեկան ֆուտբոլը զարգացնենք, մարզիչներին ինչ-որ բանով օգնել, որ նրանք էլ կարողանան զարգացնել երեխաներին: Միայն մարզվելը բավարար չէ: Բացի գնդակին հարվածելուց, ֆուտբոլում կան ավելի կարևոր բաներ. դա ֆուտբոլիստի ուղեղը զարգացնելն է: Հնարավոր է՝ մարզիչները հիմա դա լավ չեն անում, հնարավոր է՝ մարզադպրոցներում դա լավ չեն անում: Կարծում եմ` պետք է ամբողջ ժողովրդով հավաքվենք և ֆուտբոլին այնպես զարգացնենք, ինչպես ճիշտն է: Օրական 1-2 ժամ աշխատելով՝ ֆուտբոլիստ չես դառնա, ավելի շատ է հարկավոր:

Հասկանում եմ, որ հիմա, հնարավոր է, բակերում ֆուտբոլ խաղալու տեղ չի մնացել, բայց պետք է գտնել: Նույնիսկ այն եղածը երեխաները պետք է գտնեն, խաղան, զարգանան: Ներկայիս հեռախոսները երեխաներին մանկությունից զրկում են: Նրանք իսկական մանկություն չեն տեսնում, չգիտեն դա ինչ է: Նախկինում երեխաներից մեկը գնդակ էր ունենում և բոլորը իջնում էին նրա հետ խաղալու: Իսկ հիմա բոլորը տանը նստած են` հեռախոսները ձեռքները: Չեմ ցանկանա, որ երեխաներն իրենց մանկությունը վատնեն: Դա էլ է պահ, քաղցրություն, որ ամեն մարդ պետք է զգա»,- ասել է 30-ամյա ֆուտբոլիստը:

Ամբողջական հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.

 

  • Կիսվել: