ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից. ՄՕԿ նախագահ

Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից. ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակով դիմել է օլիմպիական  կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։

Նամակում մասնավորապես ասված է․  «COVID-19- ը զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝ սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան, որ ընդունվեց պատմական որոշում` 2021թ․ տեղափոխել օլիմպիական խաղերը:

206 ազգային օլիմպիական կոմիտեները,  միջազգային ֆեդերացիաները, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ դժվարին հարցում  միասնական եղան, որը օլիմպիական շարժման  համերաշխության հիանալի դրսևորում է:

ՄՕԿ-ը չի հրաժարվում օլիմպիական խաղերի տեղափոխման հետ կապված ծախսերից։ Ճշգրիտ գումարն առայժմ հայտնի չէ,  բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար:

ՄՕԿ-ը  որոշել է ավելացնել  Տոկիոյի խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների , ինչպես նաև 1600 մարզիկների օլիմպիական կրթաթոշակների գումարը։

Համատեղ աշխատանքային խումբն արդեն աշխատում է խաղերի տեղափոխման հետ կապված բոլոր մանրամասների վրա: Մենք հաշվի ենք առնում առողջապահության համաշխարհային կազմակերպության  առաջարկությունները ՝ կապված հասարակական իրադարձությունների հետ:

« Օլիմպիական օրակարգ- 2020»- ի նշանաբանը ( փոխիր կամ  փոփոխիր) ինչպես նախկինում ,  արդիական է  նաև այսօր։

Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից։

Այնուամենայնիվ, հետկորոնավիրուսային աշխարհում մենք կկանգնենք նոր մարտահրավերների առջև, ուստի կարևոր է շարունակել «Օլիմպիական օրակարգ- 2020 »- ը  և  դրանք հարմարեցնել  նոր մարտահրավերներին:

Համաճարակից հետո առողջության պահպանումը շատ ավելի մեծ դեր կունենա։ Կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է  ամուր  առողջությունն օգնում  հաղթահարել վարակիչ հիվանդությունները: Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը թերևս  մնում է  մարդկանց առողջության պահպանման ամենամատչելի գործիքը: Այս ամենն առավել շեշտադրելու համար ՄՕԿ-ը ԱՀԿ-ի հետ  նախատեսում է կնքել փոխըմբռնման նոր հուշագիր։

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում  ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն ունի  սոցիալական հեռավորությունը   սպորտի  վիրտուալ տարածքում: Որոշ միջազգային ֆեդերացիաներ արդեն նախաձեռնություն են ցուցաբերել հեռավար մրցումների կազմակերպման գործում: Մենք պետք է աջակցենք և ամրապնդենք այդ ջանքերը։

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի երկար և խոր տնտեսական ճգնաժամի, որի ազդեցությունը տարբեր երկրներում սպորտի վրա կարող է տարբեր լինել: Դա կախված կլինի նրանից, թե պետությունների ղեկավարները ինչ նշանակություն են տալու  սոցիալական կապիտալին և սպորտին՝  ֆինանսական օգնության բաշխման գործում։

Մենք պետք է հորդորենք կառավարություններին գնահատել և հարգել սպորտի հսկայական ներդրումը՝  հանրային առողջության , ինչպես նաև դրա կարևոր դերը ազգային տնտեսության մեջ...»։

 

 

  • Կիսվել: