Ադրբեջանը բողոքի նամակ է հղել ՄՕԿ՝ հայերի հետ կապված «հակաադրբեջանական սադրանքի» առիթով
Ադրբեջանի Երիտասարդության և սպորտի նախարարությունը և Ազգային օլիմպիական կոմիտեն նամակ են հղել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ բողոքելով, իրենց խոսքով, «հակաադրբեջանական սադրանքից»։
Պատճառնն այն է, որ Օլիմպիական խաղերի հեռարձակման ժամանակ Սենայով օլիմպիական թիմերի շքերթում հայ մարզիկների անցնելու ընթացքում հաղորդավարը Հայաստանին ուղղված բարեկամական արտահայտություններ է արել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ֆրանսիացի հաղորդավարն ասել է, «Անկասկած, հայերը մեր բարեկամներն են, և Հայաստանը պատմականորեն ֆրանսիացիներին հոգեհարազատ երկիր է։ Անցյալ տարին Հայաստանի համար սգո տարի էր և հանգեցրեց Ղարաբաղի կորստին, որն անցավ ադրբեջանական բանակի ձեռքը»:
Ադրբեջանում այս հայտարարության պատճառով սկսել են խոսել «անհարգալից վերաբերմունքի» և «Օլիմպիական խարտիայի խախտման» մասին։
«Ադրբեջանի նկատմամբ պետական հեռուստաալիքի նման անհարգալից վերաբերմունքը Օլիմպիական խարտիայի ակնհայտ խախտում է։ Նման քարոզչությունը հակասում է խաղերի ոգուն և ծառայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ջանքերի ձախողմանը»,-ասված է ադրբեջանական կողմի՝ ՄՕԿ-ին ուղղված նամակում:
Նշվում է նաև, որ ՄՕԿ-ին առաջարկվել է վճռական դիրքորոշում ընդունել 2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի ժամանակ սպորտի քաղաքականացման դեմ, հրապարակային հայտարարություն անել և բողոք ներկայացնել կառավարությանը, Ֆրանսիայի ազգային օլիմպիական և մարզական կոմիտեին, ինչպես նաև վերոնշյալ հեռուստաալիքին: