ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան

Ես պետականամետ եմ. Փանիկում պետության աջակցությամբ կկառուցենք մեծ մարզակրթական կենտրոն․ Նազիկ Ավդալյան

Բացել եմ «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամ, որի շրջանակում առաջին մեծ ծրագիրն Արթիկի շրջանի Փանիկ գյուղում է իրականացվելու: Կառուցելու ենք մեծ մարզակրթական կենտրոն, որի միջոցով երեխաները և ոչ միայն երեխաները հնարավորություն կունենան զբաղվել սպորտով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանը:

Նա պարզաբանել է, թե ինչու են ծրագիրը հենց Փանիկում նախաձեռնել իրականացնել:

«Դա այն հատվածն է, որտեղ 23 գյուղի տրանսպորտային հասանելիություն կա,  գյուղեր կան, որ համայնքին չեն պատկանում, բայց կրկին երեխաներին հասանելի է: 6,000-ից ավելի երեխա հնարավորություն կունենա այցելել: Դա ոչ միայն մարզադպրոց է, այլ մարզակրթական կենտրոն, քանի որ ամֆիթատրոն է լինելու, որտեղ երեխաները կկարողանան դիտել ֆիլմեր, ներկայացումներ անել, ցուցահանդեսներ, որ մշակույթից էլ հեռու չմնան, ընդհանուր մի զարգացման կենտրոն է»,-նշել է Ավդալյանը:

Նա հավելել է, որ այլ մարզերում նախատեսվում է վերանորոգել մարզադպրոցներ:

«Համայնքը հիմնադրամին 14,000 քմ հողատարածք է տրամադրել է անհատույց, հիմա նախագծային աշխատանքների վրա ենք աշխատում: Մեծ հույս ունեմ, որ այս տարվա վերջ պատրաստ կլինի և մենք մյուս տարի կկարողանանք կատարել շինարարական աշխատանքներ: Նշեմ, որ պետական աջակցություն է ունենալու, քանի որ այս նախագիծն ազգային է, միտված է հենց պրոֆեսիոնալ մարզիկների պատրաստմանը, և ոչ միայն: Բոլոր երեխաները կկարողանան զբաղվել, նաև ներառական խմբի երեխաները, հաշմանդամություն ունեցող երեխաները կկարողանան ամբողջությամբ լինել սպորտի մեջ։ 

Ինչո՞ւ եմ կարևորում պետական աջակցությունը: Ես ընդհանրապես պետականամետ եմ և շատ կարևորում եմ պետության ներգրավվածությունը, որովհետև դա համատեղ, ազգային նախագիծ է»,-պարզաբանել է նա:

Մարզիկն ասել է՝ ուրախ կլինի, որ յուրքանչյուրը ներգրավվի այդ գործում և իմանան, որ ապագա չեմպիոնների կայացման գործում ներդրում ունեն:

  • Կիսվել: