երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ես երբեք չեմ մտածել այլ երկիր ներկայացնելու մասին. Արթուր Դալալոյան

Ես երբեք չեմ մտածել այլ երկիր ներկայացնելու մասին. Արթուր Դալալոյան

Սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Արթուր Դալալոյանը, հերքել է, որ ինքն առաջարկ է ստացել ելույթ ունենալու Հայաստանի հավաքականում:

«Ես ոչ մի առաջարկ չեմ ստացել։ Չգիտեմ, թե որտեղից են այդ խոսակցությունները: Որևէ քննարկում չի կարող լինել, ես երբեք չեմ մտածել այլ երկիր ներկայացնելու մասին։ Մեծացել եմ Ռուսաստանում և անչափ շնորհակալ եմ այս երկրին իմ զարգացման և կարիերայիս մեջ ունեցած ներդրման համար:

Ճանաչելով ֆեդերացիաների բազմաթիվ ղեկավարների Հայաստանից՝ վստահ եմ, որ ռուսաստանցի մարզիկների համար այսքան ծանր պահին նրանք չէին օգտվի այս իրավիճակից։ Վստահ եմ, որ դա չէր կարող լինել»,- Դալալոյանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Ավելի վաղ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարել էր, որ սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Արթուր Դալալոյանին և գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դանիելյանին, որոնք ելույթ են ունենում Ռուսաստանի հավաքականում, Հայաստանի հավաքականներ հրավիրելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

26-ամյա Դալալոյանը նաև աշխարհի եռակի և Եվրոպայի 5-ակի չեմպիոն է:

  • Կիսվել: