չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԵԽ. Նարեկ Հովհաննիսյանը լքեց պայքարը

ԵԽ. Նարեկ Հովհաննիսյանը լքեց պայքարը

Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում երկրորդ մենամարտն անցկացրեց Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Հովհաննիսյանը: 63,5 կգ քաշայինների 1/16 եզրափակիչում Հովհաննիսյանը մենամարտեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ եւ պարտվեց 1:4 հաշվով:

Մեկնարկում Հովհաննիսյանը 3:2 հաշվով հաղթել էր  Իսրայելի ներկայացուցիչ Ահմադ Շտիվին:

Հուլիսի 25-ին ռինգ դուրս եկած Հայաստանի ներկայացուցիչներից Գուրգեն Մադոյանը հաղթել է, Անի Հովսեփյանը՝ պարտվել:

71 կգ քաշային Գուրգեն Մադոյանը 5:0 հաշվով հաղթել է Չեռնոգորիայի ներկայացուցիչ Ստեֆան Սավկովիչին:

Կանանց Հայաստանի հավաքականի առաջատար, Եվրոպայի չեմպիոն Անի Հովսեփյանը  0:5 հաշվով պարտվեց Փախստականների օլիմպիական հավաքականը ներկայացնող Քինդի Ջանկե Նգամբային:

Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգա նաեւ աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը: +92 կգ քաշայինների մեկնարկային մենամարտում Չալոյանը ուժերը կչափի Սերբիայի ներկայացուցիչ Վլադան Բաբիչի հետ:

Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից առաջին մենամարտերում հաղթանակներներով են մեկնարկել Արթուր Բազեյանը եւ Համբարձում Հակոբյանը։

Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը 57 կգ քաշային կարգում 5:0 հաշվով պարտության էր մատնել Չեխիայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրակալին:

Համբարձում Հակոբյանը 80 կգ քաշայինների պայքարում 4:1 հաշվով պարտության է մատնել Չեռնոգորիայի ներկայացուցիչ Պիտեր Մարչիչին:

Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային են բռնցքամարտիկների համար։

  • Կիսվել: