ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. Հայաստանի 3 ներկայացուցիչ եզրափակչում է

Երեք հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ:

Նախ եզրափակչի ուղեգիր է նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, ով շատ գրագետ մենամարտ է անցկացրել Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիի հետ: Մեր մարզիկը բոլոր առումներով գերազանցել է մրցակցին ու հաղթել 5:0 հաշվով:

Կիսաեզրափակչում հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը մենամարտել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավայի հետ և 5:0 հաշվով հաղթանակ տոնել:

Նշենք՝ նախորդ 3 մենամարտերում Էրիկը մրցակիցներին հաղթել էր նոկաուտով: Եզրափակչում նա կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արես Հակոբյանը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:

Կիսաեզրափակչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթել է սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները հաղթանակը միաձայն շնորհել են հայ մարզիկին:

Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս եկած մեր 3 մարզիկները կպայքարեն ոսկե մեդալի համար: Եզրափակիչ մենամարտերը կկայանան ապրիլի 21-ին:

  • Կիսվել: