չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Բիզնեսը կարող է լինել սպորտի զարգացման հիմքում, սպորտը՝ բիզնեսի. Ապրիլի 6-ին նշվեց Սպորտի միջազգային օրը

Բիզնեսը կարող է լինել սպորտի զարգացման հիմքում, սպորտը՝ բիզնեսի. Ապրիլի 6-ին նշվեց Սպորտի միջազգային օրը

Սպորտը՝ հանուն զարգացման, խաղաղության և մարդկության նվաճումների։ Ապրիլի 6-ը նշվում է որպես «Սպորտի միջազգային օր» (International Day of Sport for Development and Peace)։ Օրվա նպատակն է հանրության ուշադրությունը սևեռել ոլորտի արդիական հիմնախնդիրներին, բարձրացնել սպորտի մասսայականությունը և նպաստել հասարակության, մարդկության համախմբմանը, ոգեշնչմանը, առաջընթացին և վերակրթմանը։

Այս տարի Սպորտի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումները «Նվաճումներ հանուն մարդկանց և մոլորակի» խորագրի ներքո են։ Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս «Մայլեռ Մաունթին Ռեզորթը» նախաձեռնել էր թեմատիկ ասուլիս-քննարկում և համախմբել պետական ու միջազգային կառույցների, ԶԼՄ-երի, մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների, մարզական կառույցների ներկայացուցիչների, սպորտի ոլորտի փորձագետների և այլ շահագրգիռ կողմերի։ 

Հիմնական ելույթներով հանդես եկան Դավիթ Խիթարյանը՝  Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր, Քրիսթինե Վայգանդը՝ Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչ, Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ, Տիգրան Հարությունյանը՝ «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր, Գագիկ Սարգսյանը՝ «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ։

Այս տարի քննարկման թեման առավել քան արդիական էր՝ ինչպես սպորտը դարձնել գրավիչ ուղղություն ոչ միայն սպորտի սիրահարների, այլև բիզնես ու մասնավոր հատվածի համար և դրանով նպաստել սպորտի զարգացմանն ու մասսայականացմանը։

«Նախորդ տարի հենց այս նույն օրը մենք համախմբվել էինք մեկ գաղափարի ու նպատակի շուրջ. Դա սպորտի մասին խոսելն ու սպորտի մասսայականացմանն ուղղված մեր տեսլականով կիսվելն էր։ Եվ շատ ուրախ եմ ու նաև հպարտ, որ մեկ տարի անց արդեն մենք ունենք մի շարք գործուն քայլեր, որոնք ուղղված են եղել մեր այդ նպատակին»,-իր բացման խոսքում ասաց «Մայլեռ Մաունթին Ռեզորթ» նախագծի հիմնադիր Տիգրան Հարությունյանն ու ներկայացրեց այս մեկ տարվա ընթացքում սպորտի ոլորտում իրականացված նախագծերը։

«Նախորդ տարվա ընթացքում համագործակցության երկու հուշագիր ենք կնքել երկու շատ կարևոր կառույցների՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Դահուկասպորտի ֆեդերացիայի հետ։ Չենք սահմանափակվելու դրանով. մեր համագործակցության արդյունքներն արդեն շատ շուտով տեսանելի կլինեն։ Մյուսը, ինչի մասին խոսում էինք,  Հայաստանում իր տեսակի մեջ եզակի լեռնադահուկային ավան-համալիր կառուցելն էր։ Ուրախությամբ կնշեմ, որ այս տարի Մայլեռ Մաունթին ռեզորթում ընդունեցինք մեր առաջին հյուրերին։ Արձագանքներն ու հյուրերի տպավորությունները պարզապես ֆանտաստիկ էին, ու սա մեզ համար էլ ավելի պարտավորեցնող է»։

Անդրադառնալով սպորտ-բիզնես համագործակցության տեսլականին՝ Տիգրան Հարությունյանն ասաց. «Սպորտն այսօր բիզնեսի կարիքն ունի, իսկ բիզնեսը՝ սպորտի։ Միջազգային լավագույն փորձն է ցույց տալիս, որ, օրինակ, սպորտային ակումբները, դպրոցները և այլն, գործելով որպես մասնավոր հատված և բիզնես նախաձեռնություն, զարգացման էլ ավելի մեծ հեռանկարներ են ունենում։ Կարծում եմ, որ սպորտը պետք է դառնա ու լինի մասնավորի համար ներդրումներ կատարելու գրավիչ ուղղություն, որովհետև այդ կերպ է հնարավոր ապահովել միանգամից մի քանի ուղղությունների կայուն առաջընթացը։ Բիզնեսը կարող է լինել սպորտի զարգացման հիմքում, և սպորտը՝ բիզնեսի»։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ռեկտոր Դավիթ Խիթարյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանում սպորտի զարգացման միտումներին և նշեց. «Բիզնեսի և սպորտի համագործակցության համար կարևոր է նաև օրենսդրական փոփոխությունների իրականացումը։ Այստեղ կարևոր է բոլորի կողմերի ջանքերի ներդրումը։ Բայց համակարգը և պետությունը գտնվում են տարբեր կարգավիճակներում, ուստի այն օրենսդրական փոփոխությունները, որոնք մենք առաջարկում ենք, ընդհուպ՝ սպորտի մասին օրենսգիրք ունենալը, սպորտային արբիտրաժի ստեղծումը, ինչպես, օրինակ, ֆրանսիայում և այլ երկրներում, դրանով մենք կարող ենք շատ ու շատ հիմնախնդիրներ լուծել»։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Արմեն Գրիգորյանը հավելեց. «Ֆեդերացիաների և պետական օղակի կառույցները էական աշխատանք են կատարում, բայց մենք պետք է քայլ առ քայլ գնանք դեպի էլ ավելի մեծ ձեռբքերումների, որոնք հնարավոր են այն խնդիրների լուծմամբ, որոնց անդրադարձան մեր գործընկերներն իրենց ելույթներում»։

Քրիսթինե Վայգանդը՝ Հայաստանում UNICEF-ի ներկայացուցիչը,  ընդգծեց. «Շատ ուրախ եմ, որ բոլոր շահակից կողմերին մեկ դահլիճում համախմբելը, իսկապես, դառնում է ավանդույթ։ Սպորտը ոչ միայն առողջության, այլև թիմայինության, ձախողումներից չհիասթափվելու և այլ կարևոր հմտությունների մասին է, որոնք ձևավորվում են երեխաների, պատանիների ու երիտասարդների մոտ։ Ուստի մենք պետք է կարողանանք ստեղծել հնարավորություններ սպորտով զբաղվելու, խաղալու և հետագայում պրոֆեսիոնալ մարզիկների դառնալու համար։ Իսկ Հայաստանում բավականին մեծ է երեխաների հետաքրքրությունը սպորտի նկատմամբ»։ 

«Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Գագիկ Սարգսյանն ասաց. «Ընդամենը մեկ տարի առաջ էր՝ ես հարց ուղղեցի համագործակցության հետ կապված, ու մենք այսօր արդեն ունենք համագործակցություն։ Հետևաբար, կարծում եմ, որ այս նախաձեռնությունն արդեն իսկ հաջողված է։ Եթե այստեղ ներգրավված բոլոր կողմերը համախմբվեն, մենք կարող ենք հասնել մեր գերակա նպատակին, իսկ դա, կարծում եմ՝ մեկն է՝ ունենալ սպորտային մտածելակերպ ունեցող հասարակություն»։

Հիմնական բանախոսների ելույթներից հետո հյուրերն ուղղեցին իրենց հուզող հարցերը և միասին քննարկեցին ապագայում հնարավոր համագործակցություններն ու նախաձեռնությունները։

  • Կիսվել: