հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ազատազրկված անձանց շախմատի հավաքականը հաղթանակ է գրանցել շախմատի աշխարհի հերթական առաջնությանը

Ազատազրկված անձանց շախմատի հավաքականը հաղթանակ է գրանցել շախմատի աշխարհի հերթական առաջնությանը

2023 թվականի հոկտեմբերի 11-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում առցանց եղանակով մեկնարկել է դատապարտյալների շախմատի աշխարհի հերթական առաջնությունը, որին մասնակցում են Հայաստանի, Պորտուգալիայի, Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Իրանի, Սլովենիայի և Ջերսիի դատապարտյալների շախմատի հավաքականի թիմերը։

Նշենք, որ հայ ազատազրկված անձանց թիմն արդեն չորրորդ անգամ է մասնակցում միջազգային առաջնությունների՝ շնորհիվ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի ակտիվ համագործակցության, որը սկիզբ է դրվել դեռևս 2015 թվականին։

Մինչ առաջնությունը քրեակատարողական հիմնարկներում պարբերաբար անցկացվել են շախմատի ներհիմնարկային և միջհիմնարկային մրցաշարեր։ Այդ մրցաշարերի արդյունքում ընտրվել և Հայաստանի հավաքականի թիմում ընգրկվել են առաջին 4 հորիզոնականները զբաղեցրած լավագույն խաղացող դատապարտյալներ Գեղամ Դավեյանը «Նուբարաշեն», Մարատ Սարգսյանը, Վալերի Թումասյանը «Արմավիր», Հակոբ Աբաջյանը «Սևան» ՔԿՀ-ներից և պայմանական վաղաժամկետ ազատված, Պրոբացիայի ծառայության վերահսկողության ներքո գտնվող Նարեկ Հովակիմյանը։ Նրանց հետ աշխատել և առաջնությանը պատրաստել է ՖԻԴԵ-ի վարպետ, մարզիչ Սարգիս Մանուկյանը։

Խաղի բացմանը և ընթացքին ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Ամբակում Գրիգորյանը, տեղակալ Արտակ Առուստամյանը, ՔԿԾ վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը և հյուրեր։

Հայաստանի դատապարտյալների հավաքականի թիմը, հաղթանակ տանելով Մեծ Բրիտանիայի, Ջերսիի, Իրանի և Պորտուգալիայի թիմերի նկատմամբ, անցել է եզրափակիչ փուլ, որը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին։

Շախմատի աշխարհի առաջնության արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 13-ին։

 

  • Կիսվել: