չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Այսօր պայքարում կներգրավվեն Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ. ըմբշամարտի ԵԱ

Այսօր պայքարում կներգրավվեն Արթուր Ալեքսանյանը ու ևս 4 հայ ըմբիշներ. ըմբշամարտի ԵԱ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանը կունենա 5 մասնակից: Մրցագորգ դուրս կգան Գեւորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ) եւ Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

2020 թվականի Եվրոպայի չեմպիոն Գեւորգ Ղարիբյանը կմեկնարկի 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը կլինի Արդիտ Ֆազլիյա (Շվեդիա)-Նիկոլայ Սոհեյլ Մոհամադի (Դանիա) զույգի հաղթողը:

Աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը որակավորման փուլում կմրցի Ֆրանսիան ներկայացնող Տիգրան Գալուստյանի հետ:

Մ23 աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Շանթ Խաչատրյանը որակավորման փուլում ուժերը կչափի վրացի Ռամազ Զոիձեի հետ:

Սամվել Գրիգորյանը մեկնարկային 1/8 եզրափակիչում կգոտեմարտի Նորվեգիայի ներկայացուցիչ Էքսաուք Մուկբուի հետ:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 5-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պայքարի մեջ կմտնի 1/8 եզրափակիչից: Եվրոպայի առաջնություններում 3 տարվա դադարից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը մեկնարկում կմրցի աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, վրացի Ռոբերտ Կոբիաշվիլիի հետ:

Արթուր Ալեքսանյանը նախորդ անգամ Եվրոպայի առաջնության մասնակցել է 2020 թվականին Հռոմում, որտեղ հռչակվել է Եվրոպայի 5-ակի չեմպիոն:

2022 թվականի սեպտեմբերի 12-ին էլ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացված աշխարհի առաջնությունում հռչակվեց աշխարհի քառակի չեմպիոն:

Արթուր Ալեքսանյանը պատրաստվում է Փարիզի Օլիմպիական խաղերին, որը կլինի նրա մարզական կարիերայի 4-դ Խաղերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության նախնական գոտեմարտերը կմեկնարկեն 13:30-ից:

Երեկոյան մրցահերթում Եվրոպայի երկրորդ չեմպիոնական տիտղոսի համար գոտեմարտ կանցկացնի Մալխաս Ամոյանը: Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը 77 կգ քաշային կարգում կմրցի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի փոխչեմպիոն, սերբ Վիկտոր Նեմեսի հետ:

Բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի  Մ23 աշխարհի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը: 63 կգ քաշային ըմբիշը բրոնզե մեդալը կվիճարկի Իտալիան ներկայացնող Յակոպո Սանդրոնի հետ:

Առաջին մրցումային օրը քառորդ եզրափակիչում պարտված Ռուդիկ Մկրտչյանը բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել, քանի որ նրան հաղթած ըմբիշը դուրս է եկել եզրափակիչ:

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Ռուդիկ Մկրտչյանի մրցակիցը վրացի Նուգզարի Ցուրցումիան է:

  • Կիսվել: