հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավարտվել է Արցախի և ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը

Ավարտվել է Արցախի և ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը

Արցախի և ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի հանրապետական փուլը մեկնարկել է հոկտեմբերի 6-ին:

Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ շախմատի ակադեմիայի կողմից իրականացվող օլիմպիադայում ընդգրկվել են ՀՀ մարզերի, Արցախի և Ջավախքի դպրոցականները: Օլիմպիադայի հանրապետական փուլին մասնակցում էին քաղաքային և շրջանային փուլերում հաղթած  Ստեփանակերտի,  Մարտունու, Ասկերանի, Մարտակերտի և Շուշիի թիմերը:

Այսօր Ստեփանակերտի շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում  օլիմպիադայի մասնակից դպրոցականների  վերջին և որոշիչ պարտիաներն էին:
ԱՀ ԿԳՄՍ նախարարության կրթության պետական տեսչության նախնական մասնագիտական, արհեստագործական և նախադպրոցական կրթության տեսչավորման բաժնի վարիչ, ավագ պետական տեսուչ, շախմատի գծով գլխավոր մասնագետ Բեհբուդ Մելքումյանի խոսքով՝ օլիմպիադայի մասնակից 6 թիմերի 4 անդամները մինչև վերջ պայքարել են՝ լավագույն ցուցանիշներ գրանցելու համար:

Երկօրյա մրցապայքարում միավորների ընդհանուր հաշվարկով օլիմպիադայում հաղթող է ճանաչվել Մարտունու թիվ 1 ավագ դպրոցի թիմը, 2-րդ մրցանակային տեղում  Ստեփանակերտի համար 7 միջնակարգ դպրոցի թիմն է, իսկ երրորդ մրցանակային տեղը զբաղեցրել է Ստեփանակերտի համար 2 միջնակարգ դպրոցի թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են մեդալներով, դիպլոմներով և դրամական պարգևներով, հաղթող թիմը՝ նաև գավաթով:

Աղջիկների միջև  մրցապայքարում լավագույն խաղացող է ճանաչվել Թագուհի Հայրիյանը,  իսկ տղաների միջև՝ Վարդան Սարգսյանը:

Մասնագետի կարծիքով՝ այստեղ ոչ այնքան պատվոգրերն ու մեդալներն են կարևոր, որքան իմաստուն խաղի շնորհիվ ձևավորված անձնային որակները: «Շախմատի շնորհիվ, երեխաները դառնում են կազմակերպված, զարգանում է  տրամաբանական մտածողությունը, ավելի նպատակասլաց են դառնում, ձեռք են բերում կամքի ուժ,  նույնիսկ պարտության դեպքում նրանք տեսնում և ընդունում են իրենց սխալները, ինչը շատ կարևոր է անձի ձևավորման հարցում»,- ասում է Բեհբուդ Մելքումյանը:

Օլիմպիադայում հաղթող ճանաչված Մարտունու թիմը ՀՀ եզրափակիչ փուլին մասնակցելու ուղեգիր է նվաճել: 

  • Կիսվել: