չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներում բացվել են հիմնանորոգված մարզադահլիճները

Աշտարակի թիվ 4 և Ուշիի միջնակարգ դպրոցներում բացվել են հիմնանորոգված մարզադահլիճները

Մարզպետ Սերգեյ Մովսիսյանի և Արագածոտնի մարզպետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 և Ուշիի Նիկոլ Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցներում հանդիսավորությամբ բացվեցին հիմնանորոգված մարզադահլիճները։ Աշակերտները բացման արարողությունը հարստացրել են գեղեցիկ կատարումներով ու մարզական խաղերի ցուցադրությամբ։ Տեղեկացնում են Արագածոտնի մարզպետարանից։

Հիմնանորոգումը կատարվել է Արագածոտնի մարզպետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների տնտեսված միջոցներից վերաբաշխումների արդյունքում․ 2022 թ․ 324 մլն դրամ ուղղվել է մարզի դպրոցներին՝ շենքային պայմանների բարելավման և նոր գույքի ձեռքբերման համար։

 

7
 
 

Paused

Իր խոսքում մարզպետ Սերգեյ Մովսիսյանը նշել է, որ մարզպետարանը դպրոցաշինական ծրագրեր է մեկնարկել, որի առանցքում կրթական պայմանների բարելավումն է, աշակերտների սովորելու մոտիվացիայի բարձրացումը։

Շնորհավորելով նոր ու ժամանակակից մարզադահլիճների բացման առիթով՝ Սերգեյ Մովսիսյանն աշակերտներին հորդորել է լավ սովորել, իսկ ուսուցիչներին՝ հետևողական լինել կրթության որակի բարելավման գործում։

«Արագածոտնի մարզպետարանը ամեն ինչ անելու է մարզում կրթության որակի բարձրացման, կրթական արդիական միջավայրի ձևավորման համար»,-ընդգծել է մարզպետը։

Աշտարակի թիվ 4 հիմնական դպրոցին հատկացվել է 21 մլն 845 հազար դրամ, որով կատարվել են մարզադահլիճի ու հանդերձարանների հիմնանորոգում, կառուցվել է թեքահարթակ, վերանորոգվել է 5 դասասենյակ, արդիականացվել է կոյուղագիծը, ձեռք են բերվել սեղան-աթոռներ, մարզական գույք, վերանորոգվել են ջեռուցման համակարգի խողովակները, հիմնանորոգվել է ճաշարանը, որը կգործարկվի առաջիկայում, և որտեղ 300 աշակերտ կկարողանա օգտվել դպրոցական «Տաք սնունդ» ծրագրից։

Ուշիի միջնակարգ դպրոցին հատկացումը 13 մլն 125 հազար դրամ է, որով հիմնանորոգվել են մարզադահլիճն ու հանդերձարանները, ձեռք են բերվել նոր մարզագույք,
համակարգիչներ, սեղան-աթոռներ։

1 տասնյակից ավելի վերակառուցված դպրոցներում ևս հանդիսավոր բացումներ կլինեն մինչև տարեվերջ։

  • Կիսվել: