կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն (լուսանկարներ, տեսանյութ)

Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի 7-ակի չեմպիոն (լուսանկարներ, տեսանյութ)

Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում Ալեքսանյանը 6:3 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

Ալեքսանյանը եզրափակիչ էր դուրս եկել՝ կիսաեզրափակչում 5:1 հաշվով հաղթելով բելառուս Աբուբակար Խասլախանավին։ Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 9:1 հաշվով ժամանակից շուտ հաղթել էր թուրք Բեյտուլա Կաիսդագինին, իսկ քառորդ եզրափակչում 8:3 հաշվով առավելության էր հասել Նիդերլանդների ներկայացուցիչ Թայրոն Շտենկերբուրգի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Սլավիկ Գալստյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում գոտեմարտել է բրոնզե մեդալի համար, սակայն 4։5 հաշվով ցավալի պարտություն է կրել։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը կարիերայում երրորդ անգամ դարձել էր Եվրոպայի չեմպիոն՝ եզրափակչում 7-0 հաշվով վստահ առավելության հասնելով աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, թուրք Յունուս Բասարի նկատմամբ, իսկ Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի առաջին մեդալը նվաճել էր 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների Եվրոպայի առաջնությանը։

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Խաչատրյանը մրցել էր բուլղարացի Ստեֆան Հրիստով Գրիգորովի հետ և ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթանակ տարել։

  • Կիսվել: