հինգշաբթի, հունիս 11
11 / 6 / 2026
Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի. գլխավոր մարզիչ

Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի. գլխավոր մարզիչ

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը գոհ է աշխարհի առաջնությունում հայ մարզիկների գրանցած արդյունքներից:

«Աշխարհի այս առաջնությանը թիմի ընդհանուր արդյունքները համարում եմ բավարար: Կարող էինք ավելին անել.  թիմային հաշվարկում 4-րդ տեղը զբաղեցրած Վրաստանի թիմին զիջել ենք ընդամենը 2 միավորով: Թիմային հաշվարկում հաղթել չէինք կարող, քանի որ Իրանի հավաքականը շատ մեծ առավելություն ուներ, բայց գոնե եռյակում կարող էինք լինել: 60 երկրների շարքում թիմային հաշվարկով ունենք 5-րդ հորիզոնականը»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Բաբալարյանը:

 

Անդրադառնալով Արթուր Ալեքսանյանի մրցելույթներին, որը քառորդ եզրափակչում զիջեց ադրբեջանցի Մուրադ Ահմադիևին՝ գլխավոր մարզիչը շեշտեց, որ Ալեքսանյանի տարիքն ԱԱ-ում ունեցած անհաջողության հետ բնավ կապ չունի:

 

«Արթուրը նորմալ պատրաստվել էր աշխարհի առաջնությանը: Նրա դեպքում եղել է ընդամենը սայթաքում` բռնվածքի թուլացում: Առանձնակի շեշտում եմ բոլոր քննադատողների համար` Արթուր Ալեքսանյանին քննադատել չի կարելի:

 

Նրանք, ովքեր քննադատում են, թող գան, ես Արթուրի բոլոր մեդալները կգցեմ նրանց վզին, տեսնենք կդիմանան ծանրությանը»,-առանձնացրեց նա:  Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած աշխարհի առաջնությունում ԱԱ-ի չեմպիոն դարձավ Մալխաս Ամոյանը, բրոնզե մեդալակիրներ դարձան Սլավիկ Գալստյանն ու Հրաչյա Պողոսյանը:

  • Կիսվել: