երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Արոնյանը միջինից ցածր ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը 9 մասնակիցների թվում. Սինկֆիլդի գավաթ

Արոնյանը միջինից ցածր ցուցանիշով զբաղեցրեց 7-րդ տեղը 9 մասնակիցների թվում. Սինկֆիլդի գավաթ

Ամերիկյան Սենթ Լուիսում ավարտվեց շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկությունը, որը Grand Chess Tour-ի վերջին՝ 5-րդ փուլի մրցաշարն էր:
Վերջին՝ 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սևերով 39-րդ քայլին ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ: Հայ գրոսմայստերը վաստակած 3,5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը՝ արժանանալով 19750 դոլար պարգևավճարի:

Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Արոնյանը կիսել էր միավորը ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հանս Նիմանի, Լենիեր Դոմինգեսի, Ուեսլի Սոյի, Ֆաբիանո Կարուանայի, աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, հաղթել էր ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին ու պարտվել էր Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային և ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնուն:

Տուրի մյուս 3 պարտիաներն էլ ավարտվեցին ոչ-ոքի: Հաշտություն կնքեցին Ուեսլի Սոն և Լերնիեր Դոմինգեսը, Յան Նեպոմնյաշչնին և Հանս Նիմանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավն ու Ալիռեզա Ֆիրուջան: Հիշեցնենք, որ 4-րդ տուրից հետո մրցաշարը լքել էր Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:

Լավագույն արդյունքը մրցաշարում ցույց տվեցին Յան Նեպոմնյաշչնին և Ալիռեզա Ֆիրուջան, որոնք վաստակեցին 5-ական միավոր: Հաղթողին որոշելու համար նրանց միջև արագ շախմատի լրացուցիչ մրցախաղ անցկացվեց: Առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի, երկրորդում հաջողությունն ուղեկցեց Ֆիրուջային, որն էլ դարձավ մրցաշարի հաղթող: Նա ստացավ գլխավոր մրցանակը՝ 100 հազար դոլար պարգևավճարը:

2-րդ տեղը զբաղեցրած Նեպոմնյաշչնին պարգևատրվեց 65 հազար դոլարով: 4,5 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Ուեսլի Սոն, որը 40 հազար դոլար պարգևավճար ստացավ:

Grand Chess Tour-ի 5 փուլերում գրանցած ընդհանուր արդյունքներով լավագույնն Ալիռեզա Ֆիրուջան է, որի համար նա լրացուցիչ 100 հազար դոլար պարգևավճար ստացավ: 2-րդ տեղը զբաղեցրած Ուեսլի Սոն լրացուցիչ պարգևատրվեց 50 հազար դոլարով, իսկ եռյակը եզրափակած Ֆաբիանո Կարուանայի պարգևավճարը 25 հազար դոլար էր: Լևոն Արոնյանն ընդհանուր հաշվարկով 5-րդն էր, որի համար լրացուցիչ պարգևավճար նախատեսված չէր:

 

  • Կիսվել: