ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել (տեսանյութ)

Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել (տեսանյութ)

Լաս Վեգասում կայացած UFC 300 մրցաշարից առաջ հայ մարտիկ Արման Ծառուկյանին միջնամատ ցույց տված երկրպագուն դիմել է կազմակերպության նախագահ Դանա Ուայթին, հայտնում է Bloody Elbow-ը, փոխանցում է shantnews.am-ը:

«Ես դատարան չեմ դիմի, բայց Դանա Ուայթին խնդրում եմ ուրախացնել ինձ և եղբայրներիս UFC 303-ի անվճար տոմսերով»,- հայտարարել է անկարգ երկրպագուն:

Ուշագրավ է, որ մինչ այդ միջնամատ ցույց տված երկրպագուն ներողություն է խնդրել իր արարքի համար։

«Այդ պահին առաջին միտքս այն էր, որ ինձ դուրս չհրավիրեն մարզապալատից։ Կցանկանայի ներողություն խնդրել Արմանից, որ սադրեցի նրան։ Առաջին անգամ էի ներկա լինում UFC-ի մրցաշարի, դա անհավանական էր։ Դրանից առաջ ամբողջ օրն ալկոհոլ էի օգտագործել։ Ուրախ եմ, որ միջադեպը լուրջ հետևանք չունեցավ։

Ցանկանում եմ հստակեցնել, որ ես Արմանին չեմ հրել ու չեմ անպատվել, ընդամենը միջնամատ եմ ցույց տվել։ Շնորհավորում եմ նրան հաղթանակի առթիվ և հաջողություն մաղթում տիտղոսային մենամարտում»,- երկրպագուի խոսքերը մեջբերում է Bloody Elbow-ն։

UFC 303 մրցաշարը կայանալու է հունիսի 29-ին: Լաս Վեգասում կայանալիք երեկոյի գլխավոր մենամարտում փրոմոուշենի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը մրցելու է ամերիկացի Մայքլ Չենդլերի հետ:

  • Կիսվել: