շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արագ շախմատի ընկերական մրցաշար՝ Արցախում․ կազմակերպիչը «Ժողովրդավարական համախմբումն» է

Արագ շախմատի ընկերական մրցաշար՝ Արցախում․ կազմակերպիչը «Ժողովրդավարական համախմբումն» է

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Արցախի ներկայացուցչությունը մայիսի 9-ին իրականացրեց

Արագ շախմատի ընկերական մրցաշար Արցախում, տեղեկացնում է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության կենտրոնական գրասենյակը։

«Ամփոփվեց մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության Արցախի ներկայացուցչության կողմից անցկացված Արագ շախմատի ընկերական մրցաշարը և միաժամանակյա խաղը։ Մրցաշարին ներկա էր Հայաստանի կրկնակի չեմպիոն (2015, 2021), 2022 թվականի փոխչեմպիոն, կանանց միջազգային վարպետ, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության հիմնադիր անդամ Սուսաննա Գաբոյանը։

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը և կուսակցության Արցախի ներկայացուցիչ Արթուր Հայրապետյանը հանդես եկան մրցաշարի բացման խոսքով։ Վերջիններս իրենց խոսքում նշանավորելով օրվա խորհուրդը` ընդգծեցին Արցախում սոցիալ-մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված գործունեության կարևորությունը։

«Հողը պատկանում է նրան, ով ապրում է այնտեղ։ Հետևաբար յուրաքանչյուրիս պարտքն է, ոչ միայն այցելել կամ ապրել Արցախում, այլ նաև ապրեցնել Արցախը»,- նշեց Սուրեն Պետրոսյանը։

Արագ շախմատի ընկերական մրցաշարը մեծ ոգևորություն առաջացրեց արցախցիների շրջանում` իր շուրջ համախմբելով 80-ից ավելի տարբեր տարիքի շախմատի սիրահարների։

Մրցաշարի արդյունքում I, II, III տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով և ստացան դրամական պարգևներ։
Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Արցախի Շախմատի դպրոցի տնօրեն Հակոբ Ավագյանին և դպրոցի ողջ անձնակազմին ջերմ ընդունելության համար։

Մրցաշարը կրելու է ավանդական բնույթ։

Նկարները կարող եք տեսնել այստեղ»,-նշվում է հայտարարությունում։

  • Կիսվել: