Անսպասելի շրջադարձ. Ռեալի նախկին խաղացողը քաղաքական կարիերա է սկսում
Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» ու Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Մեսութ Օզիլը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կտրուկ փոփոխություններ է կատարել իր կյանքում։ Ինչպես հայտնում է The Sun-ը, թուրքական ծագմամբ գերմանացին որոշել է քաղաքական գործիչ դառնալ իր պատմական հայրենիքում, գրում է armsport.am-ը:
Հաղորդվում է, որ Օզիլը Անկարայում տեղի ունեցած համագումարի ժամանակ միացել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնական խորհրդին։ Մեսութը դարձել է որոշումների կայացման հիմնական մարմնի՝ Կենտրոնական որոշումների ընդունման և գործադիր խորհրդի 39 նոր անդամներից մեկը։
Նշենք, որ Օզիլը վաղուց ունի մտերմիկ հարաբերություններ Էրդողանի հետ։ Նա նույնիսկ հրավիրել է Թուրքիայի նախագահին որպես պատվավոր հյուր իր հարսանիքին, որը տեղի է ունեցել 2019 թվականին։