ԱԱ. Արման Անդրեասյանը կպայքարի բրոնզե մեդալի համար
Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պարտվեց կիսաեզրափակիչում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հայաստանի ներկայացուցիչը գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի փոխչեմպիոն Ճապոնիայի ներկայացուցիչ Աոյագի Յոշինոսուկեի հետ եւ պարտվեց 0:8 հաշվով:
Արման Անդրեասյանն աշխարհի առաջնությունում պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ գոտեմարտի ավարտից 2 վայրկյան առաջ հաղթանակի էր հասել Տաջիկստանը ներկայացնող, ռուս Վիկտոր Ռասադիի նկատմամբ:
1/8 եզրափակիչում Եվրոպայի չեմպիոնը 4:1 հաշվով առավելության է հասել Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Ստիվեն Վոինովիչի նկատմամբ:
Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը գերլարված պայքարում 8:6 հաշվով պարտության մատնեց Եվրոպահի բրոնզե մեդալակիր, Ադրբեջանի ներկայացուցիչ Կանան Հեյբատովին:
Աշխարհի առաջնության առաջին մրցումային օրը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մտած Մանվել Խնձրցյանը (61 կգ) բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն է ստացել: 1/8 եզրափակիչում հայ ըմբիշին հաղթած օլիմպիական չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն Զաուր Ուգուեւը դուրս է եկել եզրափակիչ: Մանվել Խնձրցյանը սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի:


