ԱԱ-2025. Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարի բրոնզե մեդալի համար
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը հաղթեց սփոփիչ գոտեմարտում եւ կպայքարը բրոնզե մեդալի համար:
67 կգ քաշային կարգի սփոփիչ գոտեմարտում Սլավիկ Գալստյանը մրցեց Ավստրալիան ներկայացնող ճապոնացի Ցուշիկա Շիմոյամադայի հետ եւ ծանր գոտեմարտում հաղթեց 6:4 հաշվով:
Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալը կվիճարկի Ղրղզստանի ներկայացուցիչ, Ասիայի փոխչեմպիոն Ռազակ Բիշեկեեւի հետ:
Սլավիկ Գալստյանը մեկնարկել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 10:1 հաշվով պարտության էր մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Դին Կոշկարին:
1/8 եզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիրը մրցեց Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանի հետ վստահ հաղթանակ տարավ 9:3 հաշվով:
Քառորդ եզրափակիչում Գալստյանը 3:4 հաշվով պարտվել էր Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին, որը դուրս է եկել եզրափակիչ:
Արմեն Բաբալարյանի գլխավորած հավաքականը մեկ ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում: Աշխարհի չեմպիոնի տիտղոս է նվաճել Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ):
Բրոնզե մեդալակիր է դարձել Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Հրաչյա Պողոսյանը (63 կգ):


