ԱԱ-2025. Մալխաս Ամոյանը կպայքարի տիտղոսի համար
Փարիզի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակ տարավ կիսաեզրափակիչում եւ կպայքարի աշխարհի կրկնակի չեմպիոնի կոչման համար համար:
77 կգ քաշայինների պայքարում Ամոյանը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Ալիրեզա Աբդեվալիի հետ եւ հաղթեց 5:1 հաշվով: Առաջին մրցափուլում Մալխաս Ամոյանը 4 միավորանոց հետ գցում կատարեց եւ մինեչւ գոտեմարտի ավարտը պահպանեց իր բարձր կարգը՝ թույլ չտալով մրցակցին արդյունավետ գործողությունով միավոր վաստակել:
Օլիմպիական բրոնզե մեդալակիրը պայքարը սկսել էր 1/16 եզրափակիչից, որտեղ 2:1 հաշվով պարտության էր մատնել Պանամերիկյան խաղերի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության կրկնակի չեմպիոն, ԱՄՆ-ի ներկայացուցիչ Քամալ Բեյին:
1/8 եզրափակիչում Ամոյանը 10:0 հաշվով հաղթել էր աշխարհի եւ Եվրոպայի փոխչեմպիոն լեհ Մատեուս Բերնատեկին:
Քառորդ եզրափակիչում Ամոյանը մրցեց աշխարհի եւ Եվրոպայի բրոնզե մեդալակիր, թուրք Ահմեդ Իլմազի հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով:
Մալխաս Ամոյանը տիտոսը կվիճարկի Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոն, ճապոնացի Նաո Կուսակայի հետ, գրում է sport.news.am-ը:



