ԶՊՄԿ-ն իր 8 նախկին աշխատակցից պահանջում է 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում
Օրերս հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայց է ներկայացրել աշխատանքից հեռացված 8 աշխատակիցների դեմ, որոնք, ըստ ընկերության, փետրվարին ԶՊՄԿ-ում տեղի ունեցած 10 օրյա գործադուլի նախաձեռնողներն էին։ Հիշեցնենք, որ գործադուլավորները պահանջում էին աշխատավարձի բարձրացում, աշխատանքային պայմանների բարելավում։ Ընկերությունը այդ օրերին հրապարակային հայտարարություններ արեց՝ ակնարկելով, որ գործադուլավորների հետևում այլ ուժեր և շահեր կան։ Գործադուլի կազմակերպիչներն իրենց հերթին պնդում էին, որ սա սոցիալական արդարացի պահանջ է և օրինական գործադուլ։Ընկերությունը դեռևս այդ օրերին հայտարարեց, որ աշխատանքից ազատում է 8 աշխատակցի, որոնք «հրահրել, կազմակերպել են սաբոտաժ»։ Հետագայում այդ աշխատակիցները դիմեցին դատարան՝ աշխատանքի վերակագնվելու հայցով։ Իսկ անցյալ շաբաթ հայտնի դարձավ, որ ԶՊՄԿ-ն է այս նախկին աշխատակիցների դեմ հայցով դիմել դատարան՝ պահանջելով նրանցից մոտ 5 միլիարդ դրամի չափով փոխհատուցում՝ ընկերությանը պատճառած վնասի համար։ Նախկին աշխատակիցները դա որակել են որպես հաշվեհարդար։ ԶՊՄԿ-ից խնդրեցինք մեկնաբանել՝ որքանով է տրամաբանական է աշխատանքից հեռացված անձանցից նման փոխհատուցում պահանջելը, արդյո՞ք սա հաշվեհարդար չէ։ Ընկերության լրատվության բաժնի պետ Արայիկ Մարգարյանը նշեց, որ իրավական գործընթացը չի կարող հաշվեհարդար համարվել և այդ գործընթացով ընկերությունը փորձում է դատարանի միջոցով նախկին աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական ստանալ և պաշտպանել իր օրինական շահերը։
«2025 թ․ հունվար-փետրվար ամիսներին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում արձանագրված արտադրական գործընթացի ավելի քան 10 օրվա ամբողջական դադարեցումը ընկերության տնտեսական գործունեության իրականացման խոչընդոտում էր՝ պայմանավորված մի շարք անձանց կողմից իրականացված ապօրինի և ոչ իրավաչափ գործողություններով։ Մասնավորապես՝ դրսևորվել են սաբոտաժի դեպքեր, ինչպես նաև անօրինական կերպով այլ աշխատակիցները զրկված են եղել աշխատանքի ներկայանալու և աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունից։ Այս ապօրինությունները հանգեցրել են էական տնտեսական վնասների՝ ընկերության և դրա հարյուրավոր աշխատակիցների, բազմաթիվ կապալառու ընկերությունների և այլ շահագրգիռ կողմերի համար։ Նման գործողությունները պետք է իրավական գնահատական ստանան։ Խնդիրն ունի բացառապես իրավական ճանապարհով լուծում ստանալու նպատակ՝ տեղի են ունեցել հակաիրավական գործողություններ, սաբոտաժի դեպքեր, խախտվել են ընկերության բազմաթիվ աշխատակիցների, ընկերության իրավունքները, երկրին հասցվել է զգալի վնաս և դրա գնահատականը պետք է տրվի քաղաքակիրթ եղանակով», - մեզ փոխանցեց ընկերության լրատվության բաժնի պետը։