երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքի հետ

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքի հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքին:

Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը:

Ողջունելով Ադրիան Չեդվիքին և շնորհավորելով նշանակման առթիվ՝ Ժաննա Անդրեասյանը հույս է հայտնել, որ Բրիտանական խորհրդի հետ համագործակցությունն առավել կխորանա և կզարգանա: Նախարարը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շարունակական աշխատանքի համար՝ ընդգծելով, որ համագործակցությունը ներառում է կրթության և մշակույթի ոլորտները:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Լոնդոնի կրթության համաշխարհային համաժողովին մասնակցության կարևորությունը՝ որպես հարթակ ոլորտում միջազգային փորձին ծանոթանալու և Հայաստանի փորձառությունը ներկայացնելու համատեքստում:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցությանը՝ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բրիտանական խորհրդի դերը և աջակցությունը Հայաստանում անգլերենի ուսուցման մեթոդաբանության մշակման և ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման ու վերապատրաստման, բուհերում «Ստեղծագործ միտք» ծրագրի իրականացման հարցերում, ինչպես նաև շնորհակալություն հայտնել «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում ակտիվ ներգրավվածության համար: Մասնավորապես՝ «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում Հայաստանն ակտիվ համագործակցում է Մեծ Բրիտանիայի բուհերի՝ Լոնդոնի արվեստների համալսարանի և Լոնդոնի համալսարանական քոլեջի կրթության ինստիտուտի հետ:

«Այս համագործակցությունը ևս ձևավորվել է Բրիտանական խորհրդի հետ արդյունավետ աշխատանքի շնորհիվ»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու անդրադարձել նաև մշակույթի ոլորտում համագործակցությանը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է, մասնավորապես, համագործակցությունը ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ․ ռազմավարության մշակման աշխատանքներում: Նախորդ տարի Կառավարության կողմից հաստատված ռազմավարությունը Բրիտանական խորհրդի աջակցությամբ հասանելի է նաև անգլերենով:

«Կարծում եմ՝ այս ոլորտում մեր համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի: Պատրաստակամ կլինենք քննարկելու նաև մշակույթի ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նոր հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու ներկայացրել Բրիտանական թանգարանի և ազգային գրադարանի հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մասնավորապես՝ սեպտեմբերին Հայաստանի պատմության թանգարանում նախատեսված է «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով համատեղ միջազգային ցուցադրության, իսկ Բրիտանիայի ազգային գրադարանում հաջորդ տարի կկազմակերպվի հայ-բրիտանական կապերին նվիրված ցուցահանդես:

Բրիտանական խորհրդի տարածաշրջանային նորանշանակ տնօրեն Ադրիան Չեդվիքը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի գործունեությունը բացառիկ է և օրինակելի, իսկ Հայաստանի հետ շարունակաբար զարգացող համագործակցությունը հատկապես կրթության և մշակույթի ոլորտներում Բրիտանական խորհրդի կարևոր առաջնահերթություններից է:

Հայաստանում ՄԲ և ՀԻՄԹ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ադդէ Հովասափյանը ևս ընդգծել են ՀՀ կառավարության, մասնավորապես, ԿԳՄՍ նախարարության հետ արդյունավետ համագործակցությունն ու այն առավել խորացնելու պատրաստակամություն հայտնել:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ու փորձի փոխանակումների հնարավորություններին՝ արդյունավետ համագործակցության ընդլայնման համատեքստում:

  • Կիսվել: