երկուշաբթի, հոկտեմբեր 14
14 / 10 / 2024
Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոններ

Ժաննա Անդրեասյանն այցելել է քննական կենտրոններ

Այսօր մեկնարկել է բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների հիմնական փուլը. քննական առաջին օրը 1176 դիմորդ գիտելիքը ստուգել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:

 

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։

 

Մինչ քննության մեկնարկը նախարարը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրել, արդյոք մասնակցել են հունվարին կազմակերպված առաջին փուլի միասնական քննությանը և այլն: Դիմորդներից շատերը նշել են, որ հունվարին նույն առարկայի քննությունից դրական միավորներ են ստացել, անգամ միջինից բարձր արդյունք ունեն, սակայն երկրորդ անգամ են փորձում` միավորները բարելավելու հույսով։

Նախարարը հաջողություն է մաղթել դիմորդներին և խորհուրդ տվել ապավինել գիտելիքին. «Խորհուրդ եմ տալիս հիշել, որ ամենահուսալի ճանապարհը գիտելիքն է։ Հույսը պետք է դնել գիտելիքի և սովորածի վրա` քննությունը հաղթահարելու համար»:

 

Այս տարի քննությունների ընթացակարգում կատարվել է նորամուծություն. մինչ քննասենյակ մտնելը աշակերտները համապատասխան սարքի՝ մետաղորսիչների միջոցով ստուգվում են՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:

 

«Տեխնոլոգիաները զարգանում են, մեր երեխաներն էլ շատ հնարամիտ են դրանց օգտագործման հարցում, և լրացուցիչ միջոցների կարիք կար, որպեսզի վստահ լինենք, որ որևէ մեկն իր հետ տեխնիկական սարք չի բերում»,- մեկնաբանել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Ըստ նրա՝ արդեն երկրորդ տարին է, որ քննության երկրորդ հնարավորություն է տրվում դիմորդներին, ինչն արվել է՝ հաշվի առնելով սթրեսի ու լարվածության նվազեցումը, ըստ այդմ նաև որևէ տեսակի սարքերի կարիքի բացառումը: Երկրորդ անգամ քննությանը մասնակցելու հնարավորությունը, նախարարի խոսքով, թույլ է տալիս դիմորդին առավել գիտակցված մոտենալ և պլանավորել առաջիկա անելիքը՝ կառավարելով ժամանակը:

 

«Մասնագիտությունների ընտրության հարցում նկատելի է տարկետման կարգի ազդեցությունը. բնագիտական ուղղությամբ բավականին դրական արդյունքներ են գրանցվել»,- ասել է նախարարը։ Նա անդրադարձել է նաև կրկնուսույցների դերի նվազման խնդրին, ինչին ուղղված է հանրակրթության նոր չափորոշիչը, որը գալիք ուսումնական տարում կներդրվի նաև 10-րդ դասարանում:

«10-րդ դասարանում ներդրվող նոր չափորոշիչը մեծ փոփոխություններ է ենթադրում. գնալու ենք կրեդիտային համակարգի ներդրման ճանապարհով, ինչը նշանակում է` երեխաները դպրոցում հավաքելու են կրեդիտներ, որոնք բուհում սովորելու համար որոշիչ դեր են ունենալու: Ինչպես նաև հրաժարվելու ենք հոսքային ուսուցումից՝ այն փոխարինելով անհատականացված ուսուցմամբ: Յուրաքանչյուր սովորողի առաջարկվելու է ընտրել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող առարակայացանկ: Սա ենթադրում է խորացված ուսուցում նախընտրած մասնագիտության համար անհրաժեշտ առարկաներից»,- ներկայացրել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

 

Նախարարը զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ, որոնք քննական կենտրոնների բակում սպասում էին քննության ավարտին: Ժաննա Անդրեասյանը հետաքրքրվել է՝ կազմակերպական առումով որևէ խնդիր նկատել են արդյոք: Ծնողները փաստել են, որ ոչ մի խնդիր չի նկատվել: Նախարարը քաջալերել է սպասող ծնողներին՝ նշելով, որ լավ պատրաստված դիմորդները, վստահաբար, կապահովեն դրական արդյունքներ:

 

Նշենք, որ մարզերում «Քիմիա» առարկայից քննություն է հանձնում 677, Երևանում՝ 499 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայից քննություն հանձնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործում է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:

 

Տեղեկացնենք, որ քննական թեստերի ճիշտ պատասխանները ԳԹԿ-ն կհրապարակի քննությունների ավարտից 2 ժամ անց, քննությունների արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ բողոքարկումը տեղի կունենա արդյունքների հրապարակման հաջորդ օրը:

 

Մ․ Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում նախարարն այցելել է նաև 4-րդ դասարանի «Մաթեմատիկայի» քննասենյակ և հաջողություն մաղթել աշակերտներին։ Դպրոցում այս տարի 4-րդից 5-րդ դասարան է փոխադրվում ինը 4-րդ դասարան։

  • Կիսվել: