հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Երևանի քաղաքապետ

Ժամանակն է տեսակավորել կենցաղային թափոնները. Երևանի քաղաքապետ

Երևանում առաջին անգամ տեղադրվել են աղբի տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այս մասին հայտնում է քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նա գրել է․

«Աջափնյակը եւ Դավթաշենը առաջին վարչական շրջաններն են, որտեղ սկսում ենք տեղադրել տեսակավորման համար նախատեսված թափոնամանները: Այստեղ 16 կետերում «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղադրում է երեքական տեսակի տարագույն թափոնամաններ: Դրանք հնարավորություն կտան մեր բնակչությանը՝ աստիճանաբար յուրացնել աղբի տեսակավորման մշակույթը՝ առանձնացնել այն տանը եւ թափել բնակարանի մերձակայքում տեղադրված ամաններում:

Դեռ 2019-ից պլանավորված այս գործընթացով մենք մի քանի կարեւորագույն նպատակ ենք հետապնդում՝ սկսած բնապահպանականից, վերջացրած՝ տնտեսական որոշակի արդյունքով:

Այսպիսով, եթե տեսնեք Ձեր շենքի մոտակայքում տեղադրված նոր թափոնամանները, իմացեք, որ

Դեղինը նախատեսված է թղթի, ստվարաթղթի համար: Խիստ ցանկալի է, որպեսզի ստվարաթղթե արկղերը թափոնամանները նետվեն բացելուց եւ ծալելուց հետո:

Կապույտը՝ պլաստիկի համար: Այս թափոնամանները նախատեսված են բոլոր այն թափոնների համար, որոնք պլաստիկի հիմքով են պատրաստված՝ պոլիէթիլենային տոպրակներ, շշեր, բաժակներ եւ այլն:

Փոքր մոխրագույն/սեւ թափոնամանները ապակու համար են: Այստեղ հավաքում ենք ապակե թափոնները՝ ոչ միայն շշերը եւ այլ սպասք, այլեւ օրինակ՝ պատուհանի կոտրված ապակի, եւ այլն:

Մեր մասնագետները եւ վարչական շրջանների համապատասխան անձնակազմը թափոնամաններից օգտվելու առանձնահատկությունների մասին ընթացքում առավել մանրամասն տեղեկատվություն կտան»,- գրել է քաղաքապետ Հայկ Մարությանը։

 

  • Կիսվել: