Շվեդիայում մեկնարկել է «ՀՀ-ում թափոնների կառավարման քաղաքականություն»ծրագրի շրջանակում կազմակերպված քառօրյա ուսումնական այցը
Շվեդիայի Թագավորությունում մեկնարկել է «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում կազմակերպված քառօրյա ուսումնական այցը՝ նվիրված արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգերի և թափոնների կառավարման ոլորտում առաջատար փորձի ուսումնասիրմանը։
Ուսումնական այցի նպատակն է Հայաստանի Հանրապետության պետական կառույցների և ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներին հնարավորություն ընձեռել ծանոթանալու Շվեդիայում գործող՝ արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերի, թափոնների կառավարման և շրջանաձև տնտեսության գործնական լուծումներին։
Պատվիրակության կազմում են ՀՀ Ազգային ժողովի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ակադեմիական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարությունից այցին մասնակցում են նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը, Թափոնների և մթնոլորտային արտանետումների կառավարման վարչության պետ Գոռ Միքայելյանը և Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը։
Այցի ընթացքում մասնակիցները կծանոթանան շահագործումից դուրս եկած տրանսպորտային միջոցների, անվադողերի, էլեկտրական և էլեկտրոնային սարքավորումների, մարտկոցների, ինչպես նաև փաթեթավորման թափոնների կառավարման ոլորտներում գործող արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերին։ Նախատեսված են այցելություններ թափոնների կառավարման և վերամշակման ենթակառուցվածքներ, տեսակավորման կենտրոններ և վերամշակող կազմակերպություններ։
Ծրագրի շրջանակում հանդիպումներ են նախատեսված Շվեդիայի բնապահպանական գործակալության, արտադրողի ընդլայնված պատասխանատվության կազմակերպությունների, թափոնների կառավարման ոլորտի ազգային կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ։ Քննարկվելու են ոլորտի կարգավորման, ֆինանսավորման, վերահսկողության և հաշվետվողականության մեխանիզմները, ինչպես նաև շրջանաձև տնտեսության անցման գործիքները։
Ուսումնական այցը կնպատի Հայաստանում թափոնների կառավարման համակարգի զարգացմանը, արտադրողի ընդլայնված պատասխանատվության համակարգերի ներդրման գործընթացին և ոլորտում միջազգային համագործակցության ամրապնդմանը,- համոզված են մասնակիցները:



