երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է, տարրական պայմաններ ապահովելու կարիք կա. Անդրեասյան

Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է, տարրական պայմաններ ապահովելու կարիք կա. Անդրեասյան

Նախարարությունը չի որոշել որևէ մեկին վերաբնակեցնել: Զեյթունի հանրակացարանը շատ վատ վիճակում է, և այնտեղ տարրական պայմաններ ապահովելու կարիք կա: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ըստ նրա՝ պետբյուջեով նախատեսված է հանրակացարանի վերանորոգումը, և համապատասխան մրցույթներն արդեն անցկացվել են:

«Արդեն պետք է սկսվի շինարարությունը, և, բնականաբար, ամբողջ գործընթացը կկազմակերպվի այնպես, որ նաև ուսանողների կեցության տեսանկյունից հնարավորինս հարմար տարբերակներ գտնվեն»,- ասաց նախարարը:

Լրագրողների ճշտող հարցին ի պատասխան՝ որտե՞ղ են ապրելու ուսանողները, արդյոք դա մնալու է որպես հանրակացարա՞ն, Անդրեասյանը նշեց՝ այս պահին ժամկետների հարց չի տրվել, և արվում է հնարավորը, որ դա կազմակերպվի ուսումնական տարվա ավարտից հետո, և ընթացիկ խնդիրներ չառաջանան:

Իսկ ինչ վերաբերում է հանրակացարանին՝ ընդգծեց՝ այն ծառայելու է որպես հանրակացարան:

«Մենք ունենալու ենք հարմարավետ պայմաններ ուսանողների համար»,- ասաց ԿԳՄՍ նախարարը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Ակադեմիական քաղաքի պայմաններում վերանորոգվելու հանրակացարանը, նշեց՝ մենք խնդիր ունենք ապահովելու միջազգային, միջպետական ծրագրերով մեզ մոտ ժամանող ուսանողների կեցությունը:

«Գիտեք, որ մենք բազմաթիվ երկրների հետ ունենք պետական կրթաթոշակային ծրագրեր, մեր ուսանողները մեկնում են այդ երկրներ սովորելու, այդ երկրներից ուսանողները գալիս են մեզ մոտ սովորելու, և նաև պետության պարտավորությունն է ապահովել կեցությունը: Եվ այդ պայմանները պետք է լինեն բավարար: «Զեյթուն» հանրակացարանն այնպիսի հզորություն չունի, որ կարողանա մեր ուսանողական համակազմի համար էական խնդիր լուծել, բայց ամեն դեպքում, եղած պայմանները պետք է նորմալ լինեն»,- պարզաբանեց նախարարը:

Ճշտող հարցին՝ վերանորոգման ընթացքում որտե՞ղ են ապրելու ուսանողները, նախարարը պատասխանեց՝ ուսանողների հետ կապված հարցերն առանձին քննարկվում են:

 

  • Կիսվել: