Ըստ Գլոբալ գենդերային ճեղքվածք 2024-ի զեկույցի՝ ՀՀ-ն 64-րդն տեղում է, մինչդեռ 2022-ին եղել է 89-րդ տեղում
Ըստ Համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային ճեղքվածք 2024-ի զեկույցի՝ 146 երկրների շարքում Հայաստանը 64-րդն է: Իսկ ահա 2022 թվականին մենք եղել ենք 89-րդը: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթեւիկ Ստեփանյանը:
Նրա խոսքով, հաշվարկի հիմքում չորս հիմնական բաղադրիչներ են՝ տնտեսական մասնակցությունն է կանանց աշխատուժում և աշխատաշուկայում, կրթական ցենզը, առողջապահական ծառայությունների հասանելիությունը և կանանց մահացությունը վերարտադրողական գործընթացի ֆունկցիայի ժամանակ և քաղաքական հզորացումը։
«Ուզում եմ այստեղ հատուկ շեշտադրել, որ Հայաստանը մինչև մեկ բալային սանդղակում ունի 0.721 նիշ և Հայաստանը ավանդաբար ամենաբարձր միավորները հավաքում է կրթական, առողջապահական ցենզերում, մինչդեռ տնտեսական մասնակցության և քաղաքական մասնակցության կտորներում մենք ավելի ցածր ցուցանիշներ ենք ունենում:
Եթե 2020-ի քվոտավորումից հետո ԱԺ-ում 36.4 տոկոսն արդեն կանայք են, ապա համեմատության համար ասեմ, որ մինչև քվոտավորման կիրառումը, դա ընդամենը 18% է եղել»,-ասաց նա: