ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Yerevan.am կայքը 3-րդ հորիզոնականում է էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով

Yerevan.am կայքը 3-րդ հորիզոնականում է էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Yerevan.am-ը 3-րդն է՝ քաղաքային էլեկտրոնային կառավարման ցուցանիշներով, և իրենից հետ է թողել Փարիզին, Սինգապուրին և այլ քաղաքների: Քաղաքային կայքերի միջազգային ուսումնասիրության հետազոտություններն իրականացվել են 2018-2019 թթ.՝ ԱՄՆ հասարակական գործունեության ազգային կենտրոնի, Բոստոնի, Մասաչուսեթսի և մի շարք այլ հեղինակավոր համալսարանների ու հետազոտական կենտրոնների կողմից: 

«Էլեկտրոնային կառավարման համապարփակ հետազոտությունը գնահատել է ամբողջ աշխարհի քաղաքային կայքերի արդյունավետությունը՝ գաղտնիության և անվտանգության ապահովման, օգտվելու առումով հարմարության, բովանդակության, ծառայությունների, կայքի և սոցիալական ցանցերով քաղաքացիների հետ փոխգործակցության առումով»,- նշում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Yerevan.am-ի աշխատակիցները՝ ծրագրավորողներ, գրաֆիկական դիզայներներ, վերջին 2 տարիներին անընդմեջ ձգտում էին ավելացնել կայքի՝ տեղեկատվության մատուցման մատչելիությունն ու էլեկտրոնային ծառայությունների ծավալն ու որակը: Մշակվել են նոր ծրագրեր, որոնք հատկապես այս օրերին առավել քան պահանջված են, այդ թվում՝ մանկապարտեզներում առցանց հերթագրման համակարգը: Բնակիչներին քաղաքի կառավարմանը մասնակից դարձնելու համար ստեղծվել է «Ակտիվ քաղաքացի» հարթակը: 

«Օգտվողների վերլուծական տվյալները փաստում են, որ կայքի ամենագործուն և այցելությունների քանակով բարձր ցուցանիշներ գրանցել են առցանց դիմումների և դրանց ընթացքին հետևելու էջերը, ինչպես նաև գույքահարկի տվյալների, վճարովի ավտոկայանատեղերի իրավախախտումների հարցման ու վճարման այլ ծառայությունները»,- ասում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն ՓԲԸ ծրագրերի ղեկավար Սոնա Մանուկյանը:

Կայքում բարելավումներից հետո հասանելի են նաև ավագանու քվեարկության արդյունքները, իսկ ինտերակտիվ բյուջեի միջոցով համայնքի ծախսված ամեն մի դրամը միանգամից արտացոլվում է կայքում: Ծրագիր, որ չունեն Շանհայի կամ Սինգապուրի նման գերքաղաքները:

«ՀՀ քաղաքականության մաս է կազմում ՏՏ ոլորտում Հայաստանն առաջատար դարձնելը: Սա ևս մեկ քայլ է, որը ցույց է տալիս մեր ներուժն առաջատարների շարքում: Այս գնահատականը մեզ պարտավորեցնում է էլ ավելի լավ աշխատել մեր քաղաքացիների համար»,- նշում է Սարգիս Մանուկյանը:

Երևանի բնակիչները շուտով ավելի քան 170 ծառայություն կկարողանան ստանալ էլեկտրոնային եղանակով՝ Yerevan.am կայքով: Առաջիկայում կակտիվացվեն էլեկտրոնային նոր ծառայություններ, մասնավորապես, կգործարկվի շինարարական թույլտվությունների առցանց քարտեզը:

«Գործիքը տեղադրված կլինի Yerevan.am-ում՝ հենց առաջնամասում. քաղաքացիները կկարողանան մուտք գործել, ընտրել վարչական շրջանը, շինության տեսակը, կտեսնեք, թե քաղաքում ինչ շինարարակական աշխատանքներ են իրականացվում, որոնք օրինական են: Կլինեն նաև էսքիզները»,- մանրամասնում է Սարգիս Մանուկյանը:

Երևանի քաղաքապետարանը հետևում է քաղաքացիների առաջարկներին, հնարավորն անում էլեկտրոնային ծառայությունների ծավալն ու որակը բարելավելու համար՝ ձգտելով խնայել բնակիչների ժամանակն ու նյարդերը:

  • Կիսվել: