կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
«Wildberries»–ը մի շարք կանոններ կփոխի

«Wildberries»–ը մի շարք կանոններ կփոխի

Ռուսաստանի գլխավոր դատախազության կատարած ստուգումներից հետո «Wildberries» ընկերությունը ստիպված կլինի շուրջ 20 դրույթ փոխել։

Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
 
Ըստ հաղորդագրության` փոփոխություններից մեկի համաձայն` գնորդն այլևս պարտավոր չէ ապրանքի որակը ստուգել ստանալու պահին։ Ապրանքի վերադարձի օր կսահմանվի դրանից հրաժարվելու պահը (գնորդը կարող է ապրանքը վերցնելուց հետո ստուգել դրա որակը և վերադարձնել, եթե այն սարքին չէ կամ թերություն ունի. խմբ.)
 
Բացի այդ, գնորդն այսուհետ կարող է հրաժարվել ցանկացած տեսակի գնումից, այդ թվում` տեխնիկայից (նախկինում գնորդը չէր կարող վերադարձնել մի շարք ապրանքատեսակներ. խմբ.)։
 
«Ապրանքի առաքման ժամկետը կարող է երկարաձգվել միայն գնորդի հետ համաձայնեցման դեպքում։ Իսկ ապրանքի փոխարինման պահանջի քննարկման ժամկետը կրճատվել է»,– ասված է հաղորդագրությունում։
 
Ըստ նոր կանոնների` գնորդը նաև կկարողանա անձնական հաշվի միջոցով չեղարկել իր պատվերը:
 
Բացի այդ, պատշաճ որակի ապրանքը վերադարձնելու դեպքում «Wildberries»-ի ծախսերի փոխհատուցումը կպահպանվի միայն ապրանքի հետգնման ցածր մասնաբաժնի, առաքման զգալի հեռավորության և ապրանքի առանձնահատկությունների դեպքում (եթե այն մեծ է, փխրուն և այլն):
 
«Wildberries»-ը միջազգային խոշոր առցանց հարթակ է, որը շուկայում գործում է արդեն 19 տարի: Աշխարհագրությունը ընդգրկում է 7 երկիր՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Հայաստան, Ղրղզստանը, Ուզբեկստան և Իսրայելը։ Հայաստանում գործում է 2018 թվականից։

  • Կիսվել: